17:42  ,  25 մայիսի, 2022

Ռաֆայել Հովհաննիսյան․ Շատ ոգեւորված էի, որ տանն ենք մասնակցում Եվրոպայի առաջնությանը

Մենամարտի ընթացքում շատ ոգեւորված էի, որ տանն ենք մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի առաջնության երրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտած 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում բացարձակ առավելությամբ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Դմիտրիովին:

«Մեծ ոգեւորություն ունեի ամբողջ մենամարտի ընթացքում, քանի որ տանն ենք մենամարտում, այսպիսի աջակցություն կա: Այդ ոգեւորությունից էր նաեւ, որ մենամարտի ընթացքում հանդիսատեսին ողջունեցի:

Փորձի պակաս ունեմ, հաջորդ անգամ ավելի կկենտրոնանամ մենամարտիս վրա, այնպես կանեմ, որ ամեն ինչ գծած լինի: Մրցակիցս տարիքով մեծ էր, երեւի դա էր պատճառը, որ լիարժեք չպայքարեց»,- ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վախթանգ Հարությունյանը ցավալի պարտություն կրեց: 75 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հարությունյանը մենամարտեց Գերմանիան ներկայացնող Կեւին Շչումանին եւ պարտվեց միավորներով:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում