Երեւանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտավ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Մեկնարկային 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը բացարձակ առավելությամբ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Դմիտրիովին:
Առաջին ռաունդից Հայաստանի հավաքականի անդամը մեծ առավելություն ուներ: Մեկնարկային րոպեներին Հովհաննիսյանը նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը հաշիվ բացեց: Այս ռաունդում մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը տվեցին Ռաֆայել Հովհաննիսյանին:
Երկրորդ եւ երրորդ ռաունդներում էլ հայ բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, փորձում էր նոկաուտի ենթարկել բուլղարացուն, բայց մրցակիցը մինչեւ վերջ չհանձնվեց:
Մարզահամերգայինի տրիբունաները շատ ակտիվ աջակցում էին հայ բռնցքամարտիկին: Հայ երկրպագուներին միացել էին նաեւ մյուս երկրների երկրպագուները եւ հայերի հետ միասին «Armenia» էին վանկարկում: Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտի ընթացքում հասցրեց նաեւ ողջունել երկրպագուներին, որ ուրախության ավելի մեծ ալիք բարձրացրեց տրիբունաներում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վախթանգ Հարությունյանը ցավալի պարտություն կրեց:
75 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հարությունյանը մենամարտեց Գերմանիան ներկայացնող Կեւին Շչումանին եւ պարտվեց միավորներով:
Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:
1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում