19:22  ,  24 մայիսի, 2022

ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

Հայաստանի թիմը երկրորդ հաղթանակը տարավ Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում:  Երկրորդ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մտավ Համբարձում Հակոբյանը, որը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:

Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը չնայած ակտիվ էր, բայց մրցավարները առավելությունը տվեցին մոլդովացի բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդում Համբարձում Հակոբյանն ավելացրեց ճնշումը եւ մրցավարները հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում Հովհաննես Համբարձումյանը բացարձակ առավելություն ուներ: Մրցակիցն այլեւս չէր կարողանում մենամարտել եւ Հայաստանի ներկայացուցիչի հարվածները դիպում հասնում էին նպատակակետին: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Հովհաննես Համբարձումյանի:

Մենամարտին հետեւում էին մեծ թվով երկրպագուներ, որոնք մեծ ակտիվություն էին ցուցաբերում բոլոր ռաունդների ընթացքում:

Տրիբունայում էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը երեխաների հետ էր եկել Հայաստանի ներկայացուցիչի մենամարտը դիտելու: Արթուր Աբրահամը տեղից պարբերաբար հուշումներ էր անում Համբարձում Հակոբյանին եւ բուռն արձագանքում յուրաքանչյուր հաջողված հարվածից հետո: Նրանից բարձր Համբարձում Հակոբյանին երկրպագում էր Արթուր Աբրահամի որդին՝ Գրիգորը:

Մայիսի 24-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվել են մեկնարկային մենամարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում