21:09  ,  23 մայիսի, 2022

Վախթանգ Հարությունյանը՝ ԵԱ-ում տարած առաջին հաղթանակի մասին

Հարազատներիս, ընկերներիս եւ երկրպագուների աջակցությունն ինձ շատ օգնեց: Լարված մենամարտ ստացվեց, բայց ուրախ եմ, որ առաջին հաղթանակն ունեցա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որն առաջին հաղթանակը տարավ Երեւանում մայիսի 22-ին մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում:

«Շատ ուրախ եմ առաջին հաղթանակիս կապակցությամբ: Տրիբունաներից մեծ աջակցություն զգացի, որ ինձ շատ օգնեց: Տրիբունաներում էին նաեւ իմ հարազատները, ընկերները եւ նրանց ներկայությունն արդեն մեծ առավելություն էր ինձ համար: Այս ամենից բացի, տան պատերը շատ են օգնում:

Առաջին մենամարտս էր, մի փոքր լարվածություն կար: Կարծում եմ՝ աստիճանաբար կանցնի: Լեհ մրցակիցս շատ ուժեղ էր, մեծ կամային հատկություններ ուներ: Ես պայքարում էի, որ իրենից ավելի բարձր որակներ ունենայի եւ ստացվեց»,- ասաց Վախթանգ Հարությունյանը:

Հայաստան - Լեհաստան մենամարտի ժամանակ մարզադահլիճում կային նաեւ մեծ թվով լեհ երկրպագուներ, որոնք մրցակցության մեջ էին մտել հայ երկրպագուների հետ եւ փորձում էին ավելի բարձր երկրպագել իրենց բռնցքամարտիկին, քան հայ երկրպագուները: Վախթանգ Հարությունյանի հաղթանակից հետո էլ լեհ երկրպագուները չէին հանդարտվել եւ դեռ շարունակում էին ամբողջ դահլիճով բղավել «Պոլսկա»:

Վախթանգ Հարությունյանն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում