18:35  ,  23 մայիսի, 2022

«Նորավանքն» արտոնագիր չստացավ եւ չի մասնակցի եվրագավաթային մրցաշարի

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Նորավանքը» չի կարողանա մասնակցել եվրագավաթային մրցաշարի արտոնագիր չստանալու պատճառով։

Մայիսի 23-ին տեղի ունեցավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

 «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈւԵՖԱ-ի  Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body-CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով  այս մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու «Նորավանք» ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈւԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը (Club financial control body - CFCB) որոշեց «Նորավանք» ՍԱ-ի դիմումի քննարկման վերաբերյալ վարույթ չսկսել և արձանագրել, որ ակումբը չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն այսօր կայացած նիստի ընթացքում որոշեց, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն չի համապատասխանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու։

Արդյունքում, ՈւԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի և ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումների հիման վրա 2022/23թթ․ մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու են հետևյալ 4 ակումբները՝

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ - 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի Չեմպիոն

ՈւԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ - 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈւԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ - 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈւԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ - 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը զբաղեցրած ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով