16:02  ,  21 մայիսի, 2022

«Ռոմայի» տնօրեն․ Վստահ եմ, որ Մխիթարյանը չի բանակցում «Ինտերի» հետ

Իտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն մեկնաբանել է լուրերը, թե հռոմեական թիմի 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բանակցում է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։

Հունիսի 30-ին կավարտվի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի պայմանագիրը «Ռոմայի» հետ, եւ նա կկարողանա անվճար տեղափոխվել այլ ակումբ։ «Ռոման» ու Մխիթարյանը դեռ չեն երկարաձգել պայմանագիրը։

«Ես զրուցել եմ Մխիթարյանի հետ։ Հիմա մենք կենտրոնացած ենք միայն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին պատրաստվելու վրա։ Նա պրոֆեսիոնալ է։ Վստահ եմ, որ Մխիթարյանը չի բանակցում «Ինտերի» հետ։ Դրանք սուտ լուրեր են»,- Պինտուի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նա վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ դուրս չի եկել խաղադաշտ։ Սպասվում է, որ Մխիթարյանը պատրաստ կլինի մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվելիք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին։ «Ռոման» կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում