00:44  ,  17 մայիսի, 2022

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Լացիոյի» հետ, Կիելինին հրաժեշտ տվեց 17-րդ րոպեին (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 2։2։

10-րդ րոպեի խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

Խորհրդանշական 17-րդ րոպեին փոխարինվեց «Յուվենտուսի» 37-ամյա իտալացի պաշտպան Ջորջո Կիելինին, որը վերջին հանդիպումն անցկացրեց տնային ստադիոնում։ Նա 17 մրցաշրջան է անցկացրել «Յուվենտուսում» եւ այս առաջնության ավարտից հետո կհեռանա ակումբից։ Կիելինին ավագի թեւկապը փոխանցեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային, որը եւս ամռանը հեռանալու է թիմից։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի առավելությունը 36-րդ րոպեին կրկնապատկեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ 51-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն։ Ավելացված 6-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գոլը։

«Յուվենտուսը» վաստակել է 70 միավոր եւ առաջնությունը կավարտի չորրորդ տեղում։ «Լացիոն» 63 միավոր 5-րդն է եւ 3 միավոր է առաջ 6-րդ տեղում գտնվող «Ռոմայից»։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2։2 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 10, Ալվարո Մորատա, 36 - Ալեքս Սանդրո, 51, ինքնագոլ, Սերգեյ Միլինկովիչ, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում