13:15  ,  15 մայիսի, 2022

Ասպիլիկուետա․ Դժվար է ընդունել այս պարտությունը

Լոնդոնի «Չելսիի» 32-ամյա իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։ Հետխաղային 11 մետրանոցներով «Չելսին» պարտվել էր 5։6 հաշվով։ Ասպիլիկուետան եւ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը չէին կարողացել արդյունավետ իրացնել հարվածը։

«Դժվար է ընդունել այս պարտությունը։ Մենք հիասթափված ենք։ Փորձեցինք անել հնարավոր ամեն ինչ հաղթանակի համար, բայց չստացվեց։ Այսպիսին է ֆուտբոլը։ 11 մետրանոցների հետ կապված խնդիրը պետք է լուծել։ Առաջին անգամ չենք հայտնվում այսպիսի վիճակում։

Ես եւ Մաունթը չիրացրինք, բայց մենք թիմ ենք, պատասխանատվությունն ընդհանուր է։ Մաունթը դեռ երիտասարդ է եւ բազմաթիվ հնարավորություններ կունենա ապացուցելու իր բարձր կարգը»,- Ասպիլիկուետայի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Չելսին» ու «Լիվերպուլը» հանդիպել էին նաեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Փետրվարին տեղի ունեցած եզրափակիչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվել էր 0։0 հաշվով։ 11 մետրանոցներով հաղթել էր «Լիվերպուլը»՝  11։10 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English