15:26  ,  14 մայիսի, 2022

Սերժ Սարգսյան․ Լեւոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ

Լեւոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:

Այս մասին մայիսի 14-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Մայիսի 14-ին ՀՇՖ կոնֆերանսում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Քվեարկությանը մասնակցեցին կոնֆերանսին ներկա 108 պատվիրակները: Գործող նախագահն ընտրվեց ձայների մեծամասնությամբ՝ 107 կողմ, 1 ձեռնպահ:

ՀՇՖ նախագահի խոսքով, դժվար է առաջիկայում ակնկալել այնպիսի հաջողություններ, որոնք եղել են նախկինում։

«Հավաստիացնում եմ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում շարունակի զարգանալ շախմատը։ Իհարկե, դժվար է ակնկալել այնպիսի հաջողություններ, որոնք մենք ունեցանք նախկինում։ Սա ընդամենը կարծիք է, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ այս կարծիքը չիրականանա, այլ հակառակը լինի։

Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները կարողանան համալրել ազգային հավաքականները, նաեւ անհատապես մեծ հաջողությունների հասնեն։ Այսպես սկեպտիկ եմ խոսում, որովհետեւ շախմատային կյանքում երկու մեծ կորուստ ենք ունեցել։ Մեծ կորուստ է Լեւոն Արոնյանի տեղափոխվելն այլ հավաքական, թեեւ նա միշտ մնում է մեր հավաքականի բարեկամը։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:

Մյուս կորուստը Արշակ Պետրոսյանի հեռանալն է։ Նա համարում է, որ այլեւս չի կարող մեծ օժանդակություն տալ հավաքականին այնպես, ինչպետ նախկինում։ Այս տեսանկյունից մենք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնում ենք Արման Փաշիկյանին»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում