09:14  ,  12 մայիսի, 2022

Մելիք Ղուկասյան․ Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականն արժանի հետնորդներ ունի

Երբեք միանգամից երկու չեմպիոն չէինք ունեցել երիտասարդների աշխարհի առաջնությունում: Շատ լավ արդյունքներ գրանցեցինք: Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականն արժանի հետնորդներ ունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացված ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի թիմը վերադարձավ 5 մեդալով՝ երկու ոսկի, երկու արծաթ եւ մեկ բրոնզ: Ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չալոյան (55կգ) եւ Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսյան (102 կգ),  բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ):

Պարոն Ղուկասյան, շնորհավորում եմ երկու աշխարհի չեմպիոն եւ մեդալակիրներ ունենալու կապակցությամբ: Գո՞հ եք արդյունքներից:

Գոհ եմ, որովհետեւ մինչ օրս այսպիսի արդյունքներ չէինք ունեցել. միանգամից երկու չեմպիոն չէինք ունեցել երիտասարդների աշխարհի առաջնությունում: Մեդալային պայքարում առաջին տեղը զբաղեցրինք: Ընդհանուր հաշվարկով 14 մեծ ու փոքր մեդալ նվաճեցինք՝ 5 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ: Թիմային պայքարում երկրորդն էինք: Մարզիչի համար մեդալներն են կարեւոր:

Սպասվա՞ծ էին այս հաղթանակները:

Սպասում էի, որ լավ արդյունքներ կունենանք, քանի որ շատ լավ պատրաստվել էինք հավաքներին: Օրինակ՝ Գարիկ Կարապետյանը նախորդ տարի նվաճել էր չեմպիոնի տիտղոսը եւ սպասելի էր, որ նա կկրկնի իր հաջողությունը: Գառնիկ Չալոյանը նախորդ տարի Եվրոպայի չեմպիոն դարձավ, արդեն հասունացել էր պահը, որ աշխարհի ոսկե մեդալ նվաճի: Հաղթանակներին սպասելը մի փոքր հարաբերական է. մարզիկն այդ պահին պետք է կարողանա իրեն դրսեւորել բարձրակարգ ձեւով՝ հոգեբանորեն, մարզական առումներով: Բոլորն էլ լավ մարզավիճակում էին: Ծանրորդը մրցահարթակին կանգնելիս պետք է զգա, որ կարող է անել: Մեր դեպքում 8 մասնակցից 5-ի մոտ ստացվեց:

Իսկ մնացած երեքի դեպքում ինչո՞ւ չստացվեց:

Մյուս երեքն էլ էին ուժեղ եւ պատրաստ պայքարի: Աստիճանաբար են հասնում բարձր արդյունքների: Օրինակ՝ Պետրոս Պետրոսյանը նախորդ տարի աշխարհի առաջնությունում զրո ստացավ, Եվրոպայի առաջնությունում՝ երրորդ տեղը զբաղեցրեց, այս առաջնությունում արդեն երկրորդն է: Տղաներն աճում են, զգում են մրցահարթակը, հաղթահարում են հոգեբանական խնդիրը:

Ծանրամարտում շատ կարեւոր է մարզիկի հոգեբանական տրամադրվածությունը: Նաեւ մեծ դեր ունի մարզիչի գործոնը, թե ինչ տակտիկա կվարի, ինչպես պայքարը կտանի: 

Նշեցիք, որ երբեք երկու չեմպիոն չէիք ունեցել աշխարհի առաջնությունում: Երկուսի դեպքում էլ հավատո՞ւմ էիք, որ չեմպիոն կդառնան:

Նախորդ տարի Գառնիկը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն դարձավ 55 կգ քաշային կարգում: Որոշ ժամանակ անց ասաց, որ ցանկանում է քաշը փոխել: Հայաստանի առաջնությանը մասնակցեց 61 կգ քաշային կարգում: Իր անձնական մարզիչի հետ խոսցեինք, ասաց, որ ցանկանում է նորից վերադառնալ 55 կգ եւ այդ քաշում մասնակցել աշխարհի առաջնությանը: Ես վստահեցի նրան, քանի որ քաշ գցելու առումով Գառնիկը շատ կազմակերպված ծանրորդ է: Ամեն մարդ չի կարող մի մրցաշրջանում այսպես քաշ գցել, հետո փոխել եւ ապա վերադառնալ: Ես հավատացի նրա ուժերին եւ նրան ընդգրկեցի հավաքներին: Ներքուստ զգում էի, որ նա կարող է անել: Եվրոպայի առաջնությունում հասկացա, որ նա պայքարող տեսակ է, մարտական մարզիկ է: Արդյունքն արդարացրեց:

Գարիկ Կարապետյանից սպասում էի չեմպիոնություն, քանի որ նա արդեն մեկ անգամ այս քաշում նվաճել էր այդ տիտղոսը: 2021 թվականին երկամարտում նրա արդյունքը մի փոքր քիչ էր, բայց այժմ 370 կգ իր տարիքի համար լուրջ քաշ է:

Ասում են՝ չեմպիոնի տիտղոսը պաշտպանելն ավելի բարդ է, քան նվաճելը: Գարիկ Կարապետյանի դեպքում ի՞նչն օգնեց:

Իսկապես շատ բարդ է չեմպիոնի տիտղոսը պահպանելը, հատկապես ծանրամարտում: Գարիկը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց, բայց հրումում բրոնզե մեդալակիր դարձավ: Սա նշանակում է՝ նա բացարձակ ուժեղ չէր. ուժեղ էր երկամարտում: Ոչ մի երկրի ներկայացուցիչ տեղում չի կանգնում: Մեր մարզաձեւում ամեն վայրկյան բարձրացված քաշերն ավելանում են անգամ գրամներով: Եվ այս պայքարում իսկապես դժվար է կրկնել հաջողությունը եւ նորից հաղթել: Ինձ շատ են հարցնում՝ ինչպես ենք աշխատում տղաների հետ. ես եւ երկրորդ մարզիչն ենք նրանց հոգեբանը, մանկավարժը, մարզիչը: 

Սուրեն Գրիգորյանին ի՞ նչը պակասեց ոսկե մեդալի համար:

Սուրենը նոր քաշային կարգում է մասնակցում: Նա 81 կգ-ում էր հանդես գալիս եւ այդ քաշում նախորդ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դարձավ: Այստեղ 89 կգ  էր եւ նորից երկրորդ տեղ: Արդյունքն այդքան  չէր աճել՝ 5-ական կգ էր ավելացրել: Նրա համար ժամանակն էր քիչ այս քաշում հարմարվելու համար: Մեր լեզվով ասում ենք՝ քաշը «նստի» իր վրա: Նոր քաշը պետք է «նստեր» նրա վրա: Կարճ ժամանակում պատրաստվեց աշխարհին: Մոտ էր չեմպիոնությանը, բայց դժգոհ չեմ նրա արդյունքից:

Առհասարակ, որեւէ մեկից դժգոհ չեմ, նույնիսկ արդյունքներ չարած, զրո ստացած մասնակիցներից դժգոհ չեմ: Միշտ ասել եմ՝ լավն էլ է իմը, վատն էլ: Եթե ունենք զրո, ուրեմն մեղավորությունն իմն է. ես չեմ կարող տղաներից պահանջել արդարացում: Միակ պատասխանատուները ես եւ իմ երկրորդ մարզիչն ենք:

Պետրոս Պետրոսյանի հրում վարժության վերջին մոտեցման համար 10 կգ-ոց քայլ կատարեցիք: Ինչո՞ւ:

Այլ ելք չունեինք: Մենք պայքարում էինք չեմպիոնության համար եւ միակ հնարավորությունը 202-ից 212 կգ պատվիրելն էր: Եթե պոկում վարժությունում 161-ով չավարտեր, մենք հրումում այդքան մեծ քայլ չէինք անի: Ռիսկի պետք է գնայինք: Պետրոսը կարող էր 212 կգ-ը հրել, նա ծանրաձողը վերցրեց կրծքին: Հոգեբանական պահ կար. Պետրոսը գիտեր, որ արդեն ապահովել է երկրորդ տեղը: Ներքուստ բավարարվել էր այդքանով: Ես տղաներին միշտ ասում եմ, որ իրենց արածով չպետք է բավարարվեն, եթե անգամ արդեն մեդալ ունեն: Պետրոսը հանգիստ էր, որ մեդալ է նվաճել: Մինչեւ վերջ կռիվ չտվեց: Նրա համար ոչինչ էր ուսերից 212 կգ-ը հրելը, եթե արդեն ծանրաձողը վերցրել էր կրծքին: Պետրոսը ֆիզիկապես շատ ուժեղ է, մարզումներին նա 300 կգ-ից ավել կքանիստ է արել: Այստեղ չպայքարեց:

Պարոն Ղուկասյանը,  այս տղաներին արդեն տեսնո՞ւմ եք մեծահասակներին փոխարինողների դերում: Ըստ Ձեզ՝ լավ հետնորդ ունի՞ մեծահասակների հավաքականը, թե՞ դեռ շատ աշխատանք ունեք անելու:

Միանշանակ տեսնում եմ: Արժանի հետնորդներ են լինելու: Այս 8 ծանրորդից 4-ը պոտենցիալ մեծահասակների հավաքականի թեկնածուներ են: Ես կուզեի, որ մենք ամեն քաշային կարգում ունենայինք 3-4 մարզիկ: Երիտասարդական հավաքականում շեշտը դրել եմ թեթեւ քաշային կարգերի վրա, որպեսզի մեր ազգային հավաքականը չսկսվի 81 կգ-ից, այլ բոլոր տասը քաշային կարգերում ունենանք մրցունակ, ուժեղ ծանրորդներ: Դրա համար շատ աշխատանք ունենք անելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով