21:33  ,  7 մայիսի, 2022

Երիտասարդական ԱԱ. Սուրեն Գրիգորյանը՝ փոխչեմպիոն (ֆոտո)

Սուրեն Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկրամարտում գրանցեց 340 կգ: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը հրում վարժությունից զրո ստացավ:

Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը պայքարը սկսեց 150 կգ-ից եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը պատվիրեց 155 կգ, բայց երիտասարդ ծանրորդը միայն երկրորդ փորձից պոկեց 155 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 182 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրեց՝ 185 կգ: Երրորդ մոտեցման համար Մելիք Ղուկասյանը պատվիրեց 190 կգ, բայց ձախողեց: Այս վարժությունում եւս Սուրեն Գրիգորյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Երկամարտի 340 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), բրոնզե մեդալակիր եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը պոկում վարժությունում մեկնարկեց 140 կգ-ով բայց բարձրացրեց միայն երկրորդ փորձից: Երրորդ մոտեցմամբ պոկեց 145 կգ:

Հրում վարժությունում Գեւորգ Ղահրամանյանը պատվիրեց ամենածանր քաշը՝ 190 կգ, բայց երեք փորձն էլ ձախողեց եւ այս վարժությունում զրո ստացավ: 

Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը եւս երկու մեդալ էր նվաճել.  Գառնիկ Չալոյանը՝ ոսկե մեդալ (55կգ), Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալ (67կգ): 

Հայաստանը կներկայացնեն նաեւ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում