17:55  ,  6 մայիսի, 2022

Միխայիլ Կոլյադա․ Հայաստանում ամեն ինչ հիասքանչ է, հաճելի է մարզվել այստեղ

Հայաստանում տաք է, սնունդը շատ համեղ է: Հաճելի է գտնվել եւ մարզվել այստեղ:

Այսպես լրագրողների հետ զրույցում Հայաստանի մասին ասաց Փհենչան-2018 ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան:

Օլիմպիական փոխչեմպիոնն այս օրերին Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցնում Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում: 

Նշենք, որ Ալեքսեյ Միշինը բացի իր թիմի հետ հավաք անելուց, նաեւ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ:

«Հայաստանում շատ հաճելի է գտնվել: Այստեղ ամեն ինչ հիասքանչ է: Մենք աշխատում ենք լավագույն սառույցի վրա եւ հրաշալի մարզումներ ենք ունենում: Երեւանյան հավաքում ունենք մի քանի մտահաղացումներ իմ պարային համարի հետ կապված, փրձում ենք իրագործել: Վստահ եմ հետաքրքիր մի բան է ստացվելու:

Հայաստանը բարձր լեռնային գոտի է եւ այդ առումով ինձ փոքր-ինչ դժվար են տրվում մարզումները, քան մեզ մոտ՝ Ռուսաստանում:

Ինձ այստեղ ամեն ինչն է դուրս գալիս,  հատկապես, եղանակային պայմանները. այստեղ շատ տաք է: Ի դեպ նաեւ հայկական ուտեստներն են շատ համեղ»,- ասաց Միխայիլ Կոլյադան:

Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ ռուս գեղասահորդների հավաքը կավարտվի մայիսի 11-ին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում