09:02  ,  6 մայիսի, 2022

Ալեքսեյ Միշին․ Հայկական գեղասահքում մեծ աշխատանք է տարվում

Այս ամիսներին ռուս գեղասահորդները քիչ հնարավորություններ ունեն որեւէ տեղ գնալ, արտագնա հավաք ունենալ, սահել հայրենիքից դուրս: Այդ առումով մեզ համար արժեքավոր է այսպիսի հնարավորություն ունենալը եւ Հայաստանում հավաք անցկացնելը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց լեգենդար մարզիչ, 81-ամյա ռուս Ալեքսեյի Միշինը, որն այս օրերին իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցնում Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում:

Նախքան լրագրողների հետ զրուցելը, Ալեքսեյ Միշինը կատակեց, որ սիրում է հարցազրույցեր տալ, լսել հարցը եւ խոսել լրիվ այլ բանի մասին:

«Շատ ուրախ ենք, որ Երեւանում ենք անցկացնում մեր ուսումնամարզական հավաքը: Այս հնարավորության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային՝ ի դեմս նախագահ Մելանյա Ստեփանյանի, այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Մելանյա Ստեփանյանն իմ վաղեմի բարեկամ-ընկերն է: Ես դեռ հիշում եմ, թե ինչպես էր ինքը սահում, մասնակցում մրցումների: Ես շատ լավ հիշում եմ նրան մարզուհու կարգավիճակում, այդ ամենը տեղի է ունեցել իմ աչքի առաջ: Այժմ ես տեսնում եմ լիովին այլ Մելանյա՝ գործիչ, ֆեդերացիայի նախագահ կարգավիճակում, որն ունի մեծ արժեք համաշխարհային գեղասահքում:

Հայկական ֆեդերացիայի կարծիքն արժեքավոր է մեզ համար, քանի որ ոչ այդքան ֆեդերացիաներ կան, որոնք սթափ են գնահատում ռուսական գեղասահքի դերակատարումն աշխարհում: Իմ կարծիքով այս տեսնակյունից Հայաստանի ֆեդերացիայի ձայնը, մասնավորապես տիկին Մելանյանի մոտեցումը մեզ համար շատ կարեւոր է»,- ասաց Ալեքսեյ Միշինը:

Անդրառնալով հայ գեղասահորդների ներուժին, ռուս մարզիչը նշեց, որ նվիրված մարզիչների ջանքերով աստիճանաբար կարող են հասնել լավագույն արդյունքների: 

«Մեզ համար շատ հաճելի է, որ եկել ենք Հայաստան, այս սահադաշտում ենք մարզվում: Այստեղ ես տեսա գեղասահք, տարբեր տարիքային խմբերի երեխաներ՝ սկսնակներից մինչեւ հասուն մասնագետներ: Ամեն ինչ ընթանում է իր հունով:

Հայկական գեղասահքում մեծ աշխատանք է տարվում: Մենք մեր մարզումներով ինչ-որ լումա կթողնենք հայկական գեղասահքում, մեր գիտելիքներով կկիսվենք հայ մարզիչների հետ: Այստեղի մարզիչները մեծ ցանկություն ունեն ինչ-որ բան անել մարզաձեւում, լավագույն արդյունքները գրանցել, բայց այդ ամենը պետք է տեղի ունենա աստիճանաբար»,- նշեց Ալեքսեյ Միշինը:

Ռուսական թիմի հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները կտեւեն մինչեւ մայիսի 11-ը: Ալեքսեյ Միշինի թիմը Հայաստանից կմեկնի մայիսի 12-ին: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում