01:35  ,  5 մայիսի, 2022

ՉԼ․ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով պարտության մատնեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ եզրափակիչ։

Հիմնական ժամանակում Արքայական թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 73-րդ րոպեին աչքի ընկավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

Արքայական թիմը հավասարությունը վերականգնեց հիմնական ժամանակի վերջին րոպեին բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի գոլի շնորհիվ։ 2 րոպե անց Ռոդրիգոն նաեւ դուբլ ձեւակերպեց։ Առաջին դրվագում գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, երկրորդում՝ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։ Ռոդրիգոն 68-րդ րոպեին փոխարինել էր գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին։

Ավելացված ժամանակում մանչեսթերյան թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Քարիմ Բենզեման՝ եզրափակիչի ուղեգիր պարգեւելով իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը։

Բենզեման կրկնեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը՝ 10-րդ գոլը խփելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում՝ մեկ մրցաշրջանում։

«Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան 8 սեյվ կատարեց այս խաղում, մրցակիցը 9 հարված կատարեց նրա պաշտպանած դարպասին։

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում առավելության էր հասել 4։3 հաշվով։

Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։

«Ռելը» 17-րդ անգամ դուրս եկավ Եվրոպական չեմպիոնների գավաթի / Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Արքայական թիմը 13 անգամ հաղթել է՝ 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018 թվականներին։ Պարտվել է 1962-ին, 1964-ին եւ 1981-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3։1 (հիմնական ժամանակ՝ 2։1), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։4)

Ռոդրիգո, 90, 90+1, Քարիմ Բենզեմա, 95, 11մ - Ռիյադ Մահրեզ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում