09:09  ,  1 մայիսի, 2022

Վահագն Հարությունյան․ «Ռեալ Մադրիդից» Քրիս Ջոնսը կմիանա Հայաստանի հավաքականին

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարերում կտեսնենք հայկական բասկետբոլի ապագան: Հայաստանի ազգային հավաքականից մեծ սպասելիքներ ունենք. թիմը կներկայանա նոր հանրահայտ գլխավոր մարզիչով եւ նոր, շատ ուժեղ բասկետբոլիստ Քրիս Ջոնսի մասնակցությամբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

Բասկետբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները պատրաստվում են հունիսի 29-ից հուլիսի 28-ն անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Տարբեր տարիքային խմբերում Հայաստանը կներկայանա երկու կանանց եւ երեք տղամարդկանց հավաքականներով: Առաջին անգամ տղամարդկանց ազգային հավաքականը հանդես կգա ամերիկահայ հայտնի մասնագետ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ:

Պարոն Հարութունյան, Եվրոպայի առաջնության մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Արդեն ձեւավորվա՞ծ են հավաքականները եւ ի՞նչ փուլերով կպատրաստվեն մրցաշարերին:

Նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: Արդեն ունենք կոնկրետ որոշումներ մարզիչների ընտրության հարցում, հավաքականների ձեւավորման եւ հավաքների կազմակերպման հարցում:  Սպասելիքները նույնպես մեծ են, մասնավորապես, ազգային հավաքականից, քանի որ ունենք նոր շատ ուժեղ բասկետբոլիստ մեր թիմում, նոր հանրահայտ մարզիչ: Ակնկալիքներ ունենք կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականից, տղաների մինչեւ 18 տարեկաններից: Կարծում եմ հաջող առաջնություն կունենանք, քանի որ ինչպես տղաների, այնպես աղջիկների հավաքականներն ունեն լավ հնարավորություններ:

Մինչեւ 16 տարեկանների կանանց հավաքականը վստահվել է Արեգ Վաթյանին: Նշեցիք, որ մեծ սպասելիքներ ունեք: Կմանրամասնե՞ք:

Այս թիմը կձեւավորվի տեղացի բասկետբոլիստներից: Բոլորը Հայաստանի խաղացողներ են լինելու, եւ սա լինելու է նրանց առաջին միջազգային փորձը: Կարծում եմ՝ լավ կմասնակցեն: Անկեղծ հավատում եմ, որ հաջող հանդես կգան, քանի որ կանանց կանոնավոր առաջնությունից հետո մեծ աճ տեսա մեր աղջիկների մոտ:  Առաջնության հաշվին այս երեխաներն, իրոք, մեծ խաղային փորձ ձեռք բերեցին:

Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայում: Մրցակիցներ կլինեն Կիպրոսը եւ Մոլդովան: Կիպրոսը, բնականաբար, հունական դպրոցն է: 16 տարեկանում հայերը այլ բասկետբոլ են խաղում, մի քիչ առավելություն են ունենում մյուս երկրների իրենց տարիքային հավաքականների նկատմամբ: Ես ինձ համար բացահայտել եմ, որ 16 տարեկանում ֆիզիկական եւ հոգեբանական առումով մեր խաղացողները խաղադաշտում ինչ-որ առավելություն են ունենում: Այս ֆոնին կարծում եմ, որ մեր աղջիկները կկարողանան հաղթել Կիպրոսին, չնայած չի կարելի թերագնահատել նաեւ մրցակցին: Ամեն դեպքում, սպասելի է նաեւ, որ Կիպրոսի 16 տարեկանների հավաքականն էլ որակով բասկետբոլ կխաղա: Մոլդովայի հավաքականը չեմ կարծում, որ մեզ համար խնդիրներ կստեղծի:

Կանանց Մ20 հավաքականն առաջին անգամ է B դիվիզիոնում խաղալու: Ի՞նչ ակնկալիքներ կան: 

Այստեղ ունենք ուժեղ մրցակիցներ: 20 տարեկանների մեջ 19 թիմ  է հավաքվել: Մեր ենթախմբում միակ թիմը, որը կլինի հարմար մրցակից, իմ կարծիքով, Վրաստանի հավաքականն է: Խաղային առումով Վրաստանն այնպիսի թիմ է, որ մենք նրա հետ խնդիր չենք ունենա: Մյուս մրցակիցները՝ Գերմանիան, Իսրայելն ու Իսլանդիան շատ լուրջ բասկետբոլային երկրներ են: Բոլորն էլ միշտ B դիզիոնի թիմեր են եղել, երբեւէ C դիվիզիոնում չեն խաղացել: Մեկ անգամ Իսլանդիայի հետ խաղացել ենք 2016 թվականին, երբ մեր հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնության C դիվիզոնում: Երզափակիչում պարտվեցինք Իսլանդիային: Շատ պատրաստված թիմ էր: 

20 տարեկանների համար շատ ծանր է լինելու: Թող մասնակցեն այս տարի B դիվիզոնում, որից հետո, ըստ երեւույթին, ֆեդերացիայով նոր որոշում կկայացնենք՝ 20 տարեկանները շարունակեն B դիվիզոնում խաղալ, թե միայն C: Այս տարի մեր ուժերը կկարողանանք գնահատել B դիվիզիոնում: Շատ կարեւոր է, որ լավ մասնակցենք: Եթե պետք է B-ում հանդես գանք ու տհաճ արդյունքներ լինեն, գուցե շարունակենք C-ում: 

Այստեղ կունենանք մեզ հայտնի անուններ: Հավաքականին կմիանան մեր 4 ամերիկահայ բասկետբոլիստուհիները՝ Փաթիլ Յակուբյանը,  Արեգնազ Օրուջյանը, Մերի Մարկարյանը եւ Կայլա Քեշմեշյանը: Մյուսները կլինեն հայաստանցի խաղացողները, նախորդ տարվա թիմը: Մինչեւ 20 տարեկանների թիմը շատ լավն է: Մրցակիցներն են ուժեղ: Հիշեցնեմ, որ այս նույն թիմով եւ մեր 4 ամերիկահայերով 2019-ին դարձան C  դիվիզիոնի չեմպիոն:

Հավաքականը կգլխավորի ամերիկահայ Սուրեն Արզումանյանը: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:  

Տղաների երեք հավաքական է մասնակցելու ԵԱ-ին. ազգային հավաքականի նոր, հանրահայտ մարզիչ, Ադրբեջանի հետ մրցող 18 տարեկանների հավաքական եւ նոր կազմով 16 տարեկանների թիմ: Ի՞նչ սպասել տղաներից:

Տղաների դեպքում լավ խաղեր են սպասվում: Մինչեւ 16 տարեկանների հավաքականը կգլխավորի պարսկահայ Զորիկ Իսանջանին: Նա բնակվում է ԱՄՆ-ում: Եղել է մեր լավագույն մարզիչներից: Նախկինում հրաշալի բասկետբոլ է խաղացել: Թիմում լինելու են ամերիկաբնակ հայ խաղացողներ եւ տեղացիներ:

Տղաների պարագայում թույլ մրցակից հասկացություն գոյություն չունի: 16 տարեկանները շատ թույլ չեն, բայց նաեւ ուժեղ էլ չեն: Մեզ համար քաղաքականություն վարելու շատ կարեւոր հավաքական է լինելու 16 տարեկաններինը: Որպես այդպիսին մեծ արդյունքներ չենք ակնկալում: Այս հավաքականն ավելի շատ հետագայի համար է լինելու: Պարզ է, որ հաղթելու ցանկությունը մեծ է, բայց կբացեմ փակագծեր. գուցե այս Եվրոպայի առաջնությունում չտեսնենք այն սպասելի արդյունքը, որը կլինի հետագայում: Մեզ համար շատ կարեւոր է, որ 16 տարեկանների թիմը մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որպեսզի փորձ ձեռք բերի եւ աճի: Ինչպես կանանց 16 տարեկանների դեպքում, տղաների դեպքում էլ լրիվ նոր թիմ ենք ունենալու: Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում:

Ո՞վ կգլխավորի մինչեւ 18 տարեկանների հավաքականը:

Ունենք նոր մարզիչ՝ Հարութ Եսայանը: Հանդիպումները կլինեն հուլիսի 26-ից 31-ը Սան Մարինոյում:
Հարութ Եսայանի  համար սա առաջին փորձն է Հայաստանի հավաքականի կազմում որպեզ գլխավոր մարզիչ: Թիմի խաղացողների 99 տոկոսն իր անձնական սաներն են լինելու, որոնց ինքն է պատրաստել: Այս տարիքային խմբերի հետ երկու մարզիչ են հիմնականում աշխատում եւ նրանցից մեկը Հարութ Եսայանն է: Շատ լավ թիմ ունենք, շատ լավ երիտասարդներ են: Այս տարի 18 տարեկանների հավաքականից շատ մեծ ակնկալիքներ ունենք, որովհետեւ լավ թիմ է՝ կռիվ տվող, պայքարող տղաներ են: Կարծում եմ՝ պետք է, որ շատ լավ խաղան: Լուրջ եւ պատրաստված թիմով կներկայանա Եվրոպայի առաջնությանը: Վստահ հայտարարում եմ, որ շատ ուժեղ հավաքական ենք տեսնելու: Այն, որ ասում են՝ հայկական բասկետբոլի ապագան, այս թիմն է լինելու հենց մեր ապագան: Բոլորը մեր երեխաներն են՝ շատ լավն են:

Մինչեւ 18 տարեկանների մրցակիցներից է նաեւ Ադրբեջանի հավաքականը...

Ոչ միայն 18 տարեկաններն են հանդիպելու, նաեւ ազգային հավաքականն է հանդիպելու Ադրբեջանի հավաքականին: Կարծում եմ՝ եզրափակիչում ազգային հավաքականը կմրցի հենց Ադրբեջանի հետ, որը խաղում է մյուս ենթախմբում: Ավելի քան վստահ եմ, որ կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ մենք նրանց հետ ենք խաղալու: Այնպես, որ միայն 18 տարեկանները չեն հանդիպելու:

Ադրբեջանցիները միշտ լեգեոներների են օգտագործել: Մենք էլ ենք ունեցել լեգեոներներ, բայց հայ տղաներ են եղել, որոնք ապրում ենք դրսում: Իրենք օտարազգի լեգեոներներով են համալրում իրենց հավաքականները: Նրանց կազմում շատ են լինում ռուսներ, ամերիկացիներ: Անձնագիր են տալիս, հրավիրում հավաքական: Այս տարի չեմ կարող ասել, թե ինչ կազմով կներկայանան, բայց մինչեւ այս որքան էլ հանդիպել ենք Ադրբեջանի հավաքականներին, խնդիրներ չենք ունեցել: Միշտ հաղթել ենք նրանց:

Նշեցիք, որ ազգային հավաքականը նաեւ կհանդիպի Ադրբեջանին հավաքականին կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում: Այսինքն՝ ըստ Ձեզ, ազգային թիմը այս ենթախմբում խնդիր չի ունենա՞:

Իմ կանխատեսումով, այո մենք դուրս կգանք այս ենթախմբից եւ մյուս զամբյուղից վերջին խաղերում կհանդիպենք Ադրբեջանին: Նույնիսկ ինձ թվում է՝ եզրափակիչ կխաղանք նրանց հետ: Իսկապես մենք ունենալու ենք շատ ուժեղ հավաքական: Նոր հայտնի մարզիչ ունենք՝ Ռեքս Կալամյան: Նրա անունն արդեն ասում է ամեն ինչ՝ NBA մարզիչ: Նա լուրջ արդյունքներ ունի բասկետբոլում: Կարեւոր չի, թե նա հավաքականն ինչպես կպատրաստի, այլ թե հետագայում հայկական բասկետբոլի զարգացման համար ինչ նախադրյալ կստեղծի:

Ազգային հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում: Ռեքս Կալամյանը Հայաստան կժամանի մրցաշարի մեկնարկից 3 շաբաթ առաջ: Կունենանք հավաք, որի ընթացքում նախատեսում ենք Հայաստանում անցկացնել միջազգային մրցաշար 4 պետությունների մասնակցությամբ: Սա հավաքի փուլերից մեկն է լինելու, որի ընթացքում թիմը կնախապատրաստվի Մալթա մեկնելուն: Մյուս հավաքականները կսկսեն պատրաստվել մրցաշարերից երկու շաբաթ առաջ:

Ովքե՞ր են լինելու ազգային հավաքականի կազմում, նոր անուններ կա՞ն:

Այո, շատ ուժեղ բաստկետբոլիստ է միանալու մեր թիմին՝ ամերիկացի Քրիս Ջոնսը, որն այժմ հանդես է գալիս «Ասֆել Վիլերբանում», բայց շուտով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Նա խաղացել է տարբեր ակումբերում: Արդեն լուծել ենք նրա հայկական անձնագրի հարցը: Հայաստանի հետ որեւէ կապ չունի, բայց քանի որ յուրաքանչյուր ազգային հավաքական իրավունք ունի մեկ օտարազգի լեգեոներ ունենալ իր թիմում, այս տարի մենք հրավիրեցինք Քրիս Ջոնսին:  Ռեքս Կալամյանը եւս շատ ուրախ է, որ ուժեղ խաղացող ենք հրավիրել հավաքական:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս