17:24  ,  23 ապրիլի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Արսենալին», Ռոնալդուն 100-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արսենալի» պորտուգալացի պաշտպան Նունու Տավարեշը։ 32-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը 11 մետրանոցից կրկնապատկեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

Հյուրերի միակ գոլը 34-րդ րոպեին խփեց 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 100-րդ անգամ աչքի ընկավ Պրեմիեր լիգայում։

«Արսենալի» երկրպագուները 7-րդ րոպեին ծափահարություններով աջակցություն էին հայտնել Ռոնալդուին, որի նորածին որդին մահացել է մի քանի օր առաջ։

57-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

71-րդ րոպեին «Արսենալի» երրորդ գոլը խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։

«Արսենալը» (33 խաղ) 60 միավորով չորրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» (34 խաղ) 6-րդն է՝ 54 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3։1 (տեսանյութ)

Նունու Տավարեշ, 3, Բուկայո Սակա, 32, 11մ, Գրանիտ Ջակա, 71 - Կրիշտիանու Ռոնալդու, 34

Չիրացրած 11մ՝ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով