00:30  ,  13 փետրվարի, 2012

Միայն մեկ հայ սուսերամարտիկ կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում ավարտվեց պատանիների եւ երիտասարդների Հայաստանի անհատական առաջնությունը: Հաղթողի կոչումը վիճարկեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Աբովյանի «Քեթրին» ակումբի 125 սուսերամարտիկներ:

Առաջնության հաղթող դարձան Նորագավաթի մարզադպրոցի ներկայացուցիչներ Ռոբերտ Խաչատրյանը (խոցասուսեր), Էմիլ Դանիելյանը (ճկասուսեր), Արմեն Կարապետյանը (թրասուսեր): Աղջիկներից լավագույնն էին Էմմա Պողոսովան (խոցասուսեր) եւ Արփինե Աթոյանը (ճկասուսեր): Երկուսն էլ ներկայացնում են «Քեթրին» ակումբը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով առաջնության արդյունքները` Հայաստանի վաստակավոր մարզիչ, Նորագավիթի մարզադպրոցի տնօրեն Ալիկ Նավասարդյանը նշեց, որ լավ պատրաստվածությամբ աչքի ընկան Նորագավիթի մարզադպրոցի, «Քեթրին» ակումբի եւ Երեւանի քաղաքապետարանի թիվ 6 մարզադպրոցի ներկայացուցիչները, իսկ Գյումրիի եւ Վանաձորի  մարզիկների պատրաստականությունը դեռեւս հեռու է բավարարից:

Հայաստանի սուսերամարտիկների առաջիկա օրացույցում են փետրվարի 29-ին մեկնարկելիք Եվրոպայի պատանեկան առաջնությունը, Հունգարիայում կայանալիք A կարգի մրցաշարը, որին կմասնակցի Ռոբերտ Խաչատրյանը: Նա անցած տարի միջազգային խոշոր մրցաշարում գրավել է երկրորդ տեղը եւ խոցասուսերակիրների համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 34-րդ տեղը:

Արդեն հայտնի են մարտի 30-ից ապրիլի 8-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարում Հայաստանի հինգ մասնակիցներից երեքը. Ռոբերտ Խաչատրյան, Կարեն Արազյան եւ Գեւորգ Հարությունյան:

Կարեւորագույն մրցաշարը կլինի ապրիլի 21-ին Բրատիսլավայում մեկնարկելիք եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Յուրաքանչյուր երկիր կունենա մեկ մասնակից: Լոնդոնի Խաղերի ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչի մասնակիցները: Հայաստանը Բրատիսլավայում կներկայացնի խոցասուսերակիր Միքայել Ղազարյանը:

Մրցաշրջանի առաջին հատվածը կեզրափակի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով