11:06  ,  14 ապրիլի, 2022

Հայաստանի հավաքականների ըմբիշները շարունակում են բողոքել

Հայկական ըմբշամարտում կրքերը չեն հանդարտվում: Մեկը մյուսի հետեւից հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամները շարունակում են հանդես գալ հայտարարություններով՝ տարբեր մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հասցեին:

Ապրիլի 7-ին Երեւանի «Օլիմպավանում» տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչների, Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի եւ մյուս մեդալակիրների մամուլի ասուլիսը, որը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության ամփոփումից վերածվեց հավաքականում առկա խնդիրների ներկայացման: Մարզիկներն ու մարզիչներն առաջին անգամ հանդես եկան սկանդալային հայտարարություններով՝ դժգոհելով օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ԿԳՄՍ նախարարության անտարբեր վերաբերմունքից, աշխատավարձ չստանալուց, բժիշկ չունենալուց, անձնական միջոցներով վնասվածքները բուժելուց եւ վիտամիններ չստանալուց:

Նախ հունահռոմեականները դժգոհեցին մարզաձեւի նկատմամբ սպորտի ղեկավարության անտարբերությունից: Շուտով սոցցանցային գրառումներով հունահռոմեականներին միացան նաեւ ազատ ոճայինները: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մասնավորապես գրեց.

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը,օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին»:

Աշխարհի բրոնզե մեդալակրի հայտարարությանը հետեւեց  հավաքականի մյուս անդամների հայտարարությունները:

«Եկել է բարձրաձայնելու պահը, ցավալի է նշել,որ Հայաստանում սպորտսմեններս անտեսված ենք, պետությունը, Օլիմպիական կոմիտեն, ֆեդերացիան չեն աջակցում մարզիկներին նույնիսկ էլեմենտար ծախսերը հոգալու համար: Գումար ստամում ենք միայն նախարարությունից, որը բավարար չէ: Շատ մարզիկներ իրենց իսկ ապրուստը ապահովելու համար ստիպված են հրաժարվել սպորտից և այլ աշխատանքներ փնտրել: Նման վերաբերմունքը հիասթափեցնում է բոլորիս, չնայած որ բոլորս փորձում ենք մեր իսկ ուժերը գերազանցել և բարձր պահել Հայաստանի դրոշը: Բազմաթիվ պետություններ ապահովում են իրենց մարզիկներին ապրելու համար անհրաժեշտ գրեթե բոլոր միջոցներով` թույլ տալով իրենց գնահատված զգալ և էլ ավելի շատ կենտրոնանալ սպորտաձևի վրա: Կխնդրեմ մեր պետությանը, Օլիմպիական կոմիտեին, Ֆեդերացիային և սպորտի նախարարությանը արմատական փոփոխություններ կատարել մարզաձևում և աջակցություն ցուցաբերել մարզիկներին: Սպորտը մեր աշխատանքն է, որը նաև մեր ապրուստն է հանդիսանում: Ցանկացած աշխատանքում երբ ջանքեր ես գործադրում, առանց գնահատվելու և արդյունքը ստանալու, աստիճանաբար լքում ես այն»,- Ինստագրամում գրառում կատարեց Եվրոպայի փոխչեմպիոնը Արման Անդրեասյանը:

Հայաստանի հավաքականի առաջատարներից Վազգեն Թեւանյանն էլ ավելացրեց.

«Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։ Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների, այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։ Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։ Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։ Մարզիկները մատնված են անուշադրության, չեն ստանում այն ինչին արժանի են: Դրա ապացույցը օր օրի մարզիկների նվազող քանակն է : Ու էլի շատ ու շատ խնդիրներ, որոնց թվում է սպորտային վաշտի խնդիրը»։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեւորգ Ղարիբյանը, որը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել էր ըմբիշների խնդիրները, ֆեյսբուքյան գրառմամբ եւս մեկ անգամ անդրադարձավ ստեղծված իրավիճակին:

«Տարիներ շարունակ միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում հանդես եմ եկել Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու մեծ պատասխանատվությամբ:

Օրեր առաջ՝ վերադառնալով Եվրոպայի առաջնությունից, որոշեցի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք անմիջականորեն ազդում են մեր ֆիզիկական պատրաստվածության և աշխարհին պատշաճ կերպով ներկայանալու վրա: Սպորտային ղեկավարության հետ բազմիցս քննարկել ենք մեզ՝ մարզիկներիս հուզող ամենակարևոր հարցերը և խնդիրները, բայց այդպես էլ տարիներ շարունակ դրանք չեն լուծվել:

Մեր գերագույն նպատակն է Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնելը և բարձր տիտղոսներ նվաճելը, սակայն դա հնարավոր չէ եթե չկա աջակցություն համապատասխան մարմինների կողմից»,- գրեց Գեւորգ Ղարիբյանը:

Հայաստանի հավաքականների մյուս անդամները նույնպես արձագանքեցին այս հրապարակումներին եւ հայտարարություններին, միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դեռ որեւէ մեկնաբանություն, գրառում չի կատարել:

Մարզիկների դժգոհությունները դեռեւս որեւէ արձագանք չեն ստացել: Օլիմպիական կոմիտեն եւ ֆեդերացիան պաշտոնական հայտարարություններով հանդես չեն եկել: Ասուլիսից հետո միայն ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը շտապ հանդիպում ունեցավ ֆեդերացիայի նախագահի եւ ղեկավար կազմի հետ, ապա հայտարարեց, որ որեւէ չլուծված խնդիր չի մնացել: Սակայն նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո մարզիկների բողոքի ալիքն ավելի մեծ թափ հավաքեց:

2020 թվականից ըմբիշները, որոնք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում բարձր արդյունքներ են ցույց տալիս, բացի պետական պարգեւավճարներից եւ կառավարությունով հաստատված մեկ տարվա թոշակներից, որեւէ այլ ֆինանսավորում չեն ստանում: Եթե նախկինում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններին ՀԱՕԿ-ը, Ֆեդերացիան առանձին գումարներ էին տրամադրում, ֆինանսական աջակցություններ ցուցաբերում կամ ավտոմեքենաներ նվիրում, այսօր բոլոր ֆինանսական հոսքերը կտրվել են: Բանն այն է, որ Օլիմպիական կոմիտեն ոչ միայն ըմբիշներին, այլեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն չի տալիս: Այդպես արդեն տեւական ժամանակ չեն վարձատրվում մարմնամարզիկները՝ չնայած ցույց տված փայլուն արդյունքների:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Եվրոպայի առաջնության օրերին հայտարարեց մասնավոր հովանավոր ձեռք բերելու մասին: NEWS.am Sport-ի տեղեկություններով, հովանավորի ձեռք բերելու նախաձեռնությունն անձամբ ըմբիշներինն է: Ըստ համաձայնության, ըմբիշները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում գոտեմարտերի ժամանակ պետք է կրեին հովանավորի լոգոտիպով մարզահագուստ եւ դրա դիմաց վարձատրվեին՝ անկախ ցույց տված արդյունքի: Եվրոպայի առաջնությունից հետո երկու հավաքականների անդամները դեռեւս որեւէ ֆինանսավորում, աշխատավարձ չեն ստացել:

NEWS.am Sport-ի տեղեկություններով ապրիլի 14-ին տեղի է ունենալու հավաքականների մարզչական շտաբի հանդիպումը ֆեդերացիայի ղեկավարության հետ: Կախված հանդիպման արդյունքից, սպասվում է ըմբիշների համատեղ հայտարարություն: 

Նշենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պետական բյուջեով  ամենաբարձր ֆինանսավորում ունեցող ֆեդերացիան է: Բյուջեն կազմում է 338 միլիոն 320 հազար դրամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում