01:01  ,  14 ապրիլի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» կիսաեզրափակիչում են (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու անգլիական «Լիվերպուլը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Մանչեսթեր Սիթին» պայքարը շարունակում է տնային հաղթանակի շնորհիվ։ Մեկ շաբաթ առաջ մանչեսթերյան թիմն առավելության էր հասել 1։0 հաշվով բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի գոլի շնորհիվ։

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի անցած տարվա գավաթակիր Լոնդոնի «Չելսիին» (3։1, 2։3)։

Անգլիական «Լիվերպուլը» պորտուգալական «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3։3։

21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լիվերպուլյան ակումբի ֆրանսիացի պաշտպան Իբրաիմա Կոնատեն, որն աչքի էր ընկել նաեւ առաջին խաղում։ 32-րդ րոպեին լիսաբոնյան թիմից պատասխան գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ լիվերպուլյան թիմի բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ «Բենֆիկայի» երկրորդ գոլը խփեց ուկրաինացի հարձակվող Ռոման Յարեմչուկը, հավասարությունը վերականգնեց ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։

Մեկ շաբաթ առաջ «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։

Կիսաեզրափակիչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի մրցակիցը կլինի իսպանական «Վիլյառեալը», որը հաղթահարել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» արգելքը (1։0, 1։1)։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Հեռացում՝ Ֆելիպե («Աթլետիկո»), 90+2, երկրորդ դեղին քարտ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։1)

Իբրաիմա Կոնատե, 21, Ռոբերտո Ֆիրմինո, 55, 65 - Գոնսալու Ռամուշ, 32, Ռոման Յարեմչուկ, 73, Դարվին Նունյես, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում