16:29  ,  7 ապրիլի, 2022

Գեւորգ Ալեքսանյան․ ՀԱՕԿ-ն իր անգործությամբ վնաս է տալիս երկրին

Պաշտոնապես հայտարարում եմ՝ կա կազմակերպություն, որն իր անգործությամբ վնաս է տալիս երկրին: Օլիմպիական կոմիտեն, հայտարարում եմ, ոչ թե անգործությամբ, այլ մեր դեմ գործելով է վնաս տալիս:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները, Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն ու մյուս մեդալակիրները ապրիլի 7-ին ամփոփեցին ապրիլի 1-3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Արդյունքների ամփոփմանը զուգահեռ մարզիկներն ու մարզիչները խոսեցին հավաքականում առկա խնդիրների մասին: Արթուր Ալեքսանյանի հայրը մասնավորապես բողոքեց ըմբշամարտի եւ հավաքականի հանդեպ սպորտի ղեկավարության անտարբերության մասին:

«Մենք մասնակցեցին 7 մարզիկով եւ զբաղեցրինք 5-րդ տեղը: Արդյունքները գոհացնող են, բայց բոլորը տեսնում եւ գնահատում են միայն մեդալները եւ արդյունքները: Որեւէ մեկը չգիտի, թե մինչեւ այդ մեդալները թիմը, մարզիկը ինչերի միջով է անցնում, ինչ խնդիրների առաջ է կանգնած: Մեր հավաքականը չունի բժիշկ, մերսող, մեր տղաները չեն ստանում աշխատավարձ, արդեն 4-րդ ամիսն է, չեն ստանում վիտամիններ:

Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնությանը եկել էր 40 հոգանոց պատվիրակությունով 10 ըմբիշի համար. անձնական մարզիչներով, երկուական բժիշկներով, մերսողներով: Մենք չունենք այդ ամենը: Գուցե մեր ֆեդերացիան ամենաբարձր ֆինանսավորում ունեցողն է, բայց մեր գումարը երբեք չի հերիքում: Ամեն ինչ անում ենք մեր բյուջեի սահմաններում, բայց տղաներն, օրինակ, բուժվում են իրենց անձնական միջոցներով: Մարզահագուստ չենք տալիս տղաներին: Գնում ենք մրցաշարի տարբեր մարզահագուստներով: Փորձում ենք ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է:

Եւս մեկ օրինակ ներկայացնեմ. Բուդապեշտում Գեւորգ Ղարիբյանը վնասված ձեռքով էր մասնակցում: Նրա գոտեմարտերում տեսանելի է, որ մի ձեռքով է աշխատում, հնարքներ չի կատարում: Մենք չկարողացանք նրան այնպիսի վիճակի հասցնել, որ նա կարողանար լիարժեք գոտեմարտեր: Չկարողացանք, որովհետեւ չունեինք հնարավորություններ: Անձնական գումարներով փորձեցինք բուժել, վերականգնել, բայց չլուծվեց:

Այսքան ժամանակ չէինք բարձրաձայնում, քանի որ վստահ էինք, որ որեւէ լուծում կտրվի, քանի որ ունեցել էինք քննարկումներ սպորտի ղեկավարության հետ: 15 օր առաջ կրկին խդմիրների մասին բարձրաձայնեցինք ԿԳՄՍ նախարարության,  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին եւ սպասում ենք արձագանքների:

Խնդիրները շատ են, որոնք պետք է լուծել: Երբ վերադառնում ենք միայն մեդալների մասին է խոսվում:

Հայաստանում ըմբշամարտը եւ մասնավորապես մեր հավաքականն անտեսված է: Օլիմպիական խաղերով օրինակը բերեմ, քանի որ երկար ժամանակ չի անցել Խաղերի ավարտից: Հունահռոմեականներով 4 մասնակիցով գնացինք: Երեք մեդալով հետ էինք գալու, բայց մեր գոտեմարտերը մեզանից խլեցին: Աշխարհում չէր եղել դեպք, որ մաքուր հաղթանակ գրանցվի, հետ բերեն, ասեն՝ միամիտ է եղել: Շարունակում են գոտեմարտը հաղթանակը տալիս մեր մրցակցին: Կարապետ Չալյանի գոտեմարտը, ոչ մի խախտում չկա, հարված չկա, կանգնեցնում են, հարվածելու համար երկու միավոր: Արթուր Ալեքսանյանի Օլիմպիական խաղերի եզրափակիչի համար ոչինչ չեմ ասում, որովհետեւ շատ շահարկումների առիթ է դառնում, ասում են՝ հայր ու տղա են, ուզում են ուրիշ բաներ ցույց տալ...

Ինչեւէ, մենք բարձրաձայնեցինք այս խնդիրները: Մեր պաշտոնյաներից ո՞ր մեկը դրա հետեւից գնաց, որպեսզի հետ բերի: Ի՞նչ քայլ արվեց: Մենք մրցաշարերի ժամանակ կռվում ենք մեր երկրի համար, իսկ մեր երկրում, այն մարդիկ, որոնք նստած են, պետք է կռիվ տան, որ դրսում մեզ չնեղեն, ոչ մեկը մի քայլ չարեց:

Հակառակ գործընթացը գնաց, ամեն ինչ արեցին, որ հանրության ցույց տան, թե եկել ենք, ստից խոսում ենք: Մեր հարեւան երկրների հավաքականներն այնպիսի կազմերով են գալիս, այնպիսի մարդիկ ունեն միջազգային ֆեդերացիայում, մրցավարների կազմում, որ կարողանում են գոտեմարտի կեսից ելք փոխել: Ես չգիտեմ այլեւս, ինչպես բացատրել, թե մեր հավաքականի, մեր գոտեմարտերի հանդեպ ինչեր է տեղի ունենում: Արդեն նախապես, գոտեմարտից առաջ գալիս, մեզ տեղյակ են պահում, որ միջամտություն է լինելու մրցավարի կողմից: Հենց Օլիմպիական խաղերի ժամանակ մրցավարը եկավ եւ մեզ ասաց՝ «չեմ կարող, պետք է խանգարեմ»:

Երբ այս ամենի մասին գալիս բարձրաձայնում ենք, մեկը չի խառնվում: Այս սա է անտարբերությունը: Որ պաշտոնյան Օլիմպիական խաղերից հետո մեկ բառ ասաց: Հանդիպել ենք վարչապետի հետ: Նա ասաց՝ «ես մասնագետ չեմ, քննարկեք, մասնագետներով որոշեք»: Այդպես էլ ոչ մի որոշում չեղավ: Օլիմպիական խաղերի պատասխանատուն Հայաստանում օլիմպիական կոմիտեն է: Ոչ մի քայլ չարեցին, որպեսզի այդ հարցերը լուծվի. Հակառակը... Պաշտոնապես հայտարարում եմ՝ կա կազմակերպություն, որն իր անգօրծությունով վնաս է տալիս երկրին: Օլիմպիական կոմիտեն, հայտարարում եմ, ոչ թե անգործությամբ, այլ մեր դեմ գործելով է վնաս տալիս»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ։ 77 կգ քաշային կարգում չեմպիոնի տիրղոսը նվաճեց Մալխաս Ամոյանը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ)։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս