18:17  ,  4 ապրիլի, 2022

Լավ արդյունքներ ունենք, բայց մեծ խնդրի առաջ ենք կանգնած․ Ազատ ոճի ըմբիշներն ամփոփեցին ԵԱ-ն

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Եվրոպայի առաջնության մյուս մեդալակիները եւ հավաքականի մարզիչները լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են մարտի 28-30-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը նվաճեց երեք մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը (61կգ), փոխչեմպիոն` Արման Անդրեասյանը (70 կգ) եւ բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը (57կգ): Հայաստանը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում զբաղեցրեց չորրորդ տեղը։ 

Հաբեթնակ Կուրղինյան (հավաքականի գլխավոր մարզիչ)

«Ինձ համար բարդ է ամփոփել Եվրոպայի առաջնության արդյունքները: Մրցումների օրերին այդքան չեմ անհանգստացել, որքան այս պահին: Արդյունքների ամփոփումն ամենապատասխանատու գործընթացն է: Ինձ համար արդյունքների ամփոփումը տղաների մեդալներն են: Թերություններ շատ կան: Կփորձենք լուծել խնդիրները, հաջորդ մրցաշարին ավելի լավ մասնակցել: Հաջորդ մեր խոշոր մրցաշարն աշխարհի առաջնությունն է, որի համար թիմն արդեն կհամալրվի: Վազգեն Թեւանյանն այս առաջնությունը բաց թողեց վնասվածքի պատճառով: Նա ծնկահոդի վիրահատություն էր անցել եւ այժմ վերականգնողական փուլում է:

Ընդհանուր՝ տղաների մրցելույթներից գոհ եմ:  Քաղաքական առումով հավաքականներ էին պակասում Եվրոպայի առաջնությունում: Շատ կարեւոր էր նրանց մասնակցությունը։ Նրանք ավելի բարձր որակ կհաղորդեին մրցաշարին՝ իմ կարծիքով: Նախորդ մրցաշարերում Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը մեդալներ են նվաճել այդ հավաքականների մասնակցությամբ, այսինքն՝ այս պարագայում էլ, եթե մասնակցեին, ճիշտ է՝ բարդ կլիներ, բայց կկարողանայինք մեդալներ նվաճել: 

Մենք լավ արդյունքներ ունենք, բայց մեծ խնդրի առաջ ենք կանգնած: Հայաստանի հավաքականը 30 մարզիկից է բաղկացած: Տարեց տարի Հայաստանի առաջնություններում մասնակից մարզիկների քանակը պակասում է: Մենք այսօր չունենք այս հավաքականից հետո եկող սերունդ եւ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Պատանեկան տարիքում մեծ հոսք ունենք, բայց մինչեւ երիտասարդների ըմբշամարտով զբաղվողների թիվը գնալով պակասում է: Մեր խնդիրն այնքան մեծ է, որ չենք կարող մեզ թույլ տալ մեծահասակների եւ երիտասարդների առանձին հավաքականներ պահել: Այդ երկու հավաքականները միասին են մարզվում, պատրաստվում մրցաշարերի: Մեծերը երիտասարդներին են օգնում՝ մրցաշարերից առաջ, երիտասարդները մեծերին: Բայց դա սխալ գործընթաց է, քանի որ երկու հավաքականների պարագայում էլ մրցաշարային օրացույցը բավական հագեցած է լինում տարվա ընթացքում: Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, բայց արձագանքներ չկան, խոսել, քննարկել ենք տարբեր կառույցների հետ, դեռ սպասում ենք արձագանքների»:

Էդգար Ենոքյան (հավաքականի երկրորդ մարզիչ)

«Տղաներն ուրախացրին բոլորիս: Մյուս մասնակիցներն էլ կարող էին ավելի լավ հանդես գալ: Սխալներ, թերություններ կան, որոնց վրա պետք է աշխատենք, որպեսզի աշխարհի առաջնությունում արդեն  ավելի մարտական լինենք: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ձեւավորվել է լավ թիմ՝ մարզիչներով, մարզիկներով: Հուսամ՝ այսպես շարունակելու դեպքում ավելի շատ կուրախացնենք մեր ազգին»:

Արսեն Հարությունյան (Եվրոպայի կրկնակի չեմպիոն)

«Գնացել էի ոսկե մեդալի հետեւից: Ուրախ եմ, որ կրկնակի Եվրոպայի չեմպիոն եմ: Ոսկե մեդալն այդքան բարդ չտրվեց: Առաջին անգամ՝ 2019 թվականին Բուխարեստում ավելի բարդ էր: Այս անգամ պատասխանատվության զգացումն էր մի քիչ դժվարություններ առաջացնում: Ես ինձ համար գիտեի, որ 61 կգ քաշայինների ֆավորիտներից եմ եւ պետք է չեմպիոն լինեմ: Այդ միտքը մի քիչ լարվածություն էր առաջացնում: Եզրափակիչի օրն անցավ այդ լարվածությունը եւ կարողացա իմ ձեւով գոտեմարտել: Առաջին օրվա գոտեմարտերից գոհ չեմ: Չկարողացա իմ ուզած գոտեմարտերն անցկացնել: Կիսաեզրափակիչում, առաջին մրցափուլում 0:6 պարտվելիս, օրինակ, ես չէի հասկանում, թե ինձ հետ ինչ էր տեղի ունենում: Կանգնած մտածում էի, թե ինչպես պետք է գոտեմարտեմ եւ մրցակիցս այդ պահն օգտագործեց եւ 6 միավոր վաստակեց: Ես դուրս էի եկել գորգ ու կանգնել էի, չէի աշխատում: Հետո այդ 6 միավորից հետո ինձ ասացի, որ պետք է բարձրանամ եւ գոտեմարտեմ:

Ես չէի ասի, թե Ռուսաստանի հավաքականի բացակայությամբ այս տարի թույլ Եվրոպայի առաջնություն էր: Շատ ուժեղ մրցակցություն կար: Իմ քաշային կարգում կոնկրետ Ռուսաստանի ներկայացուցիչն աշխարհի գործող չեմպիոնն է: Գուցե նրա մասնակցությամբ հաղթանակն ինձ ավելի դժվար տրվեր: Ես մի բան գիտեմ՝ եթե քո օրն է, հաստատ դու ես հաղթում եւ կարեւոր չի՝ մրցակիցդ աշխարհի գործող չեմպիոն է, թե օլիմպիական չեմպիոն»:

Արման Անդրեասյան (Եվրոպայի փոխչեմպիոն)

«Տխուր մեդալ է ինձ համար արծաթը: Կփորձեմ հաջորդ անգամ ոսկե մեդալ նվաճել»:

Մանվել Խնձրցյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր)

«Առաջին անգամ էի մեծահասակներում մասնակցում Եվրոպայի առաջնության: Լարվածություն այդքան չունեի, ավելի շատ պատասխանատվության մեծ զգացում ունեի: Խնդիր էի դրել իմ առջեւ այնպես աշխատել, որ մարզիչները, մարդիկ, որոնք ինձ վստահել էին, այդ թվում նաեւ ես՝ գոհունակության զգացում ունենային վերջում: Գորգում հանգիստ եմ եղել, արդյունքս նորմալ եմ գնահատում: Կուզեի ավելի լավ արդյունք ցույց տալ, իմ քաշային կարգում լավագույնը լինել, բայց գոհ եմ իմ արդյունքով: Մարզիչների հետ քննարկումներ կունենանք, կհասկանանք իմ թերությունները եւ կանենք ամեն ինչ, որ հաջորդ մրցաշարերը լինեն ոսկե մեդալով»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում