00:24  ,  4 ապրիլի, 2022

Սամվել Գեւորգյան․ Արդյունքներից գոհ ենք, շատ ուրախացրեց Մալխաս Ամոյանը

Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից հայտնեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

«Հայաստանը 5-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր արդյունքներից գոհ ենք: Մեզ շատ ուրախացրեց Մալխաս Ամոյանն իր հաղթանակով: Նա գերազանց աշխատեց Եվրոպայի գորգում, գրագետ գոտեմարտեր վարեց եւ արժանի հաղթանակ տարավ: Նոր քաշում էր, բայց շատ լավ էր իրեն զգում այս քաշում:

Արդեն ժամանակն էր եւ հասունացել էր պահը, որ Մալխասն օլիմպիական քաշ տեղափոխվի եւ մեդալներ նվաճի: Բոլորս էլ սպասում էինք, որ նա կկարողանա:

Մյուս տղաներն էլ լավ աշխատեցին: Եղան նաեւ թերություններ, որոնց վրա կաշխատենք: Մրցավարությունն էլ իր դերն ունեցավ: Մի քանի սխալներ եղան մեր տղաների գոտեմարտերի ժամանակ: Կա այն միտումը, որ եթե հայի գոտեմարտ է, առաջինը մեզ են պարտեր նստեցնում:

Ամեն դեպքում մենք ունեցանք մեդալներ եւ մեծ հաղթանակ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ): 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներին Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց քառորդ եզրափակիչում, իսկ Կարապետ Չալյանը (82 կգ) պարտվեց մեկնարկում եւ դուրս մնաց պայքարից:

Վնասվածքի պատճառով Եվրոպայի առաջնությանը չմասնակցեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը սակայն թիմի հետ այս օրերին գտնվել է Բուդապեշտում եւ օգնել ըմբիշներին պատրաստվել գոտեմարտերին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով