19:50  ,  3 ապրիլի, 2022

ԵԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց տուշեով եւ նվաճեց բրոնզե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց երրորդ բրոնզե մեդալը:

67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մրցեց 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ եւ հաղթեց տուշեով:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց Զոիձեին, Սլավիկ Գլաստյանը նախ գլորում կատարեց, ապա գրանցվեց տուշե: Վրաստանի ներկայացուցիչի մարզիչները բողոքարկեցին, բայց կողային մրցավարները խախտում չգտան Սլավիկ Գալստյանի հնարքում, գրանցեցին տուշե: Գոտեմարտն ավարտվեց 4-րդ րոպեի մեկնարկին 6:3 հաշվով:

Սլավիկ Գլաստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Ռոջեր Կլեմանին: Քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ առաջին մրցափուլում 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլի վերջնամասում:  Կիսաեզրափակիչում 2:4 հաշվով պարտվել էր հունգարացի Կրիստիան Վանզային:

Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը նվաճեց 1 ոսկե, 3 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը (77 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում