23:17  ,  2 ապրիլի, 2022

Եվրոպայի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրման արարողությունը (ֆոտո, վիդեո)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրման արարողությունը (տեսանյութ): 

77 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարը, բրոնզե մեդալակիրներ՝ Սանան Սուլեյմանովը (Ադրբեջան) եւ Հայկ Մնացականյանը (Բուլղարիա):

Մալխաս Ամոյանը 2016 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է, 2016 թվականի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականին նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը, 2019 թվականին էլ հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2019 թվականի Poland Open մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր: 2019 թվականին Նուրսուլթանում առաջին մասնակցությունն է ունեցել մեծահասակների աշխարհի առաջնությունում, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում պարտություն կրելուց հետո, տարեվերջում աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում երիտասարդ Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ: 2021 թվականին Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ մայիսին նվաճեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը: 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո երիտասարդ ըմբիշը հայտարարեց օլիմպիական քաշ տեղափոխվելու մասին:

Մալխաս Ամոյանը 23 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: Մալխաս Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում