19:57  ,  2 ապրիլի, 2022

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ դարձյալ առաջինն է, «Չելսին» անսպասելի պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բարնլիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, 25-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի առավելությունը կրկնապատկեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

«Մանչեսթեր Սիթին» 73 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից»։

Սեփական խաղադաշտում անսպասելի պարտություն կրեց Լոնդոնի «Չելսին», որը հյուրընկալել էր «Բրենթֆորդին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի գոլի շնորհիվ, սակայն հետո հյուրերը կարողացան հասնել կամային հաղթանակի։

Երկրորդ խաղակեսում հյուրերը 10 րոպեում 3 գոլ խփեցին, վերջնամասում էլ հաշիվը դարձրին 4։1։

«Չելսին» 29 խաղից հետո 59 միավորով երրորդն է, «Բրենթֆորդը» 14-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ

Կեւին Դե Բրույնե, 5, Իլկայ Գյունդոգան, 25

«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 1։4 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 48 – Վիտալի Յանելտ, 50, 60, Կրիստիան Էրիկսեն, 54, Յոան Վիսա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով