19:32  ,  1 ապրիլի, 2022

ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց 9։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների  կիսաեզրափակիչում ժամանակից շուտ, 4 րոպե 10 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին եւ դուրս եկավ եզրափակիչ:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը 3 միավոր վաստկեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց շվեդ մրցակցին եւ պարտեր նստեցրեց, բայց Ամոյանը չկարողացավ գլորում կատարել: Երկրորդ մրցափուլում աշխարհի չեմպիոնն ավելացրեց ճնշումը, նախ՝ 4 միավորանոց գլորում կատարեց, ապա՝ եւս երկուսն ավելացրեց իր հաշվին եւ նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարը, որը կիսաեզրափակիչում 7:3 հաշվով հաղթել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սան, Բուլղարիայի հավաքականի անդամ Հայկ Մնացականյանին:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 1 րոպե 58 վայրկյանում  9:0  հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկեւիչուսի հետ: 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթանակ է տարել սլովակ Դենիս Խորվաթի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 6:5 հաշվով համառ պայքարում առավելության է հասել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ:

Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոնի, Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները նվաճել է 72 կգ քաշային կարգում: 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնություն ոսկե մեդալ նվաճելուց հետո երիտասարդ ըմբիշը հայտարարեց օլիմպիական քաշ տեղափոխվելու մասին:

63 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը գերլարված պայքարում 1:3 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Ադրբեջանցի ըմբիշը պարբերաբար հրահրում էր Հրաչյա Պողոսյանին, փորձում խեղդել, ինչին Պողոսյանը շատ կոպիտ էր պատասխանում: Մի քանի անգամ գորգի մրցավարը ստիպված եղավ նախազգուշացնել ըմբիշներին եւ կանխել վեճը:

Հրաչյա Պողոսյանը պայքաը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպե 26 վայրկյանում  9:0 հաշվով հաղթել էր  Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում