12:40  ,  1 ապրիլի, 2022

Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյան․ Լարվածությունն ինձ խանգարեց եզրափակիչում

Տխուր եմ արծաթե մեդալի համար։ Լարվածությունն ինձ խանգարեց եզրափակիչում։

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը, որը Հայաստանի հավաքականի հետ վերադարձել է հայրենիք։ 

Արման Անդրեասյանը 70 կգ քաշային եզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց 2017 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր վրացի Զուրաբ Յակոբիշվիլիին։

«Մինչեւ եզրափակիչ լավ էր ամեն ինչ։ Եզրափակիչում վրացի ըմբիշի հետ գոտեմարտում լարվածությունը մի փոքր շատ էր։ Ամեն ինչ կանեմ հաջորդ մրցաշարից ոսկե մեդալով վերադառնամ։ Եզրափակիչում թերություններ եղան, որոնք կշտկեմ հավաքների ժամանակ։ Տխուր եմ արծաթե մեդալի համար։ Բրոնզե մեդալն ավելի ուրախ մեդալ  է, քան արծաթը։

Հաջորդը մեծահասակների աշխարհի առաջնություն է։ Կպատրաստվենք լավագույնս հանդես գալուն»,- ասաց Արման Անդրեասյանը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 28-30-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը նվաճեց երեք մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում