09:08  ,  30 մարտի, 2022

ՀՄՖ նախագահ․ Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ

Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ, գնալ, գրանցվեն: Այդ ամենի մասին տեղեկանալով՝ ես որոշում եմ կայացրել դադարեցնել մեր համագործակցությունը եւ հեռացնել նրան ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից: Ֆեդերացիան ապաքաղաքական կառույց է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Մարտի 29-ին ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց Նատալյա Ռոտենբերգին ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից ազատելու եւ համագործակցությունը դադարեցնելու մասին: Ֆեդերացիան եւ նախագահ Գագիկ Վանոյանն ավելի ուշ մեկնաբանեցին, որ նման որոշում կայացնելու պատճառը սպորտը քաղաքականությունից հեռու պահելու նպատակն է:

Ֆեդերացիայի նախագահը NEWS.am Sport-ին մանրամասներ է հայտնել Նատալյա Ռոտենբերգի հետ երկու ամիս առաջ մեկնարկ տված համագործակցության դադարեցման իրական պատճառների մասին:

«Կարճ՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ապաքաղաքական կառույց է: Իրականում՝ սկզբից եղել է նորմալ համագործակցություն, այնպես, ինչպես պայմանավորվել էինք, զրուցել, քննարկել, որոշել: Դա տեւել է մինչեւ այն պահը, երբ ես տեղեկացա, որ տիկին Ռոտենբերգը շեղվել է մեր որդեգրած ուղուց:

Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի այս ամենից մեծ աղմուկ դուրս չգա, բայց ես ունեմ բոլոր ապացույցները, որ տիկին Ռոտենբերգը շատ սխալ է վարվել եւ շեղվել ճանապարհից:

Եղել է ճնշումներ մարզիչների վրա: Նա ազդել է մարզիչների վրա, ուղղորդել է նրանց, որպեսզի իրենց կուսակցության անդամ դառնան, գնան, գրանցվեն: Սա է հիմնական պատճառը: Ես կտրականապես դեմ եմ այս ամենին: Երբեւէ մեր համագործակցության շրջանակներում նման հարց չի քննարկվել եւ այդպիսի կետ չի եղել, որ մարզիչները դառնան կուսակցության անդամ եւ այլն:

Կա եւս մեկ պատճառ, որի մասին, ցավում եմ, որ ուշ եմ իմացել: Նատալյա Ռոտենբերգը մի շարք մարզիչներից խնդրել է մարզիկների հեռախոսահամարները՝ պատճառաբանելով, որ ցանկանում է հանդիպել ծնողների հետ, քննարկումներ ունենալ ապագայի վերաբերյալ:

Պարզվում է՝ հեռախոսահամարներն ուզել են, զանգել ծնողներին եւ առաջարկել են «Գազպրոմ-Արմենիայում» գեղարվեստական մարմնամարզության խմբին միանալ, որը վճարովի է՝ 20 հազար դրամ ամսավճառով: Պատճառաբանությունը եղել է այն, որ իրենց բացած խմբի հետ աշխատելու են բարձրակարգ մասնագետներ եւ լավ կլինի, որ լավագույն մարմնամարզուհիները հաճախեն այդ խումբ: Իրականում, ինձ հետ քննարկել էր «Գազպրոմում» առանձին խմբակ բացելու մտահղացումը եւ ասել էր, որ շատ լավ կլինի՝ սկսնակները նաեւ հավելյալ մարզվելու հնարավորություն ունենան: Ես շատ նորմալ էի ընդունել, բայց նա ինձ չէր ասել վճարովի մարզումների մասին: Նա կոնկրետ խնդիր էր դրել բարձր արդյունքներ ունեցող մարզուհիների վրա, խոսել ծնողների հետ, առաջարկել լավագույն պայմանները, լավագույն մասնագետների հետ աշխատանքով եւ 20 հազար դրամ վարձավճարով: Սա նրա երկրորդ սխալն էր, որը նույնպես չի եղել մեր համագործակցության շրջանակներում կամ որեւէ նախագծում: Ես կանխեցի այդ նախաձեռնությունը: Ծնողներից ստացանք բողոքներ: Այդպես կստացվեր, որ մենք շատ մարզիչներից խլում էինք իրենց լավ մարզուհիներին, երկար տարիների աշխատանքը գցում ենք  ջուրը: Չի կարելի: Մենք քեզ բերել ենք, որ դու օգնես, աջակցես, լավ արդյունքներ ունեցող երեխաներին աջակցես, այլ ոչ թե դեռ մի բան էլ դու վարձ ուզես մարզումների համար այդ երեխաներից... Այսպես մի շարք խնդիրներ են առաջացել եւ որոշում է կայացվել դադարեցնել մեր հետագա համագործակցությունը:

Այս իրավիճակի պատասխանատվությունն ինձ վրա է: Իմ սխալն է եղել: Այնպես չէր, որ բոլորը գրկաբաց ընդունում եւ ցանկանում էին նրան տեսնել ֆեդերացիայում, բայց ես ընդունեցի  մարզաձեւի զարգացման համար եւ հայտարարեցի՝ եթե ստացվի այս նախաձեռնությունը, հաջողությունը բոլորինս է, եթե ձախողենք՝ սխալն իմն է:

Հանդիպում եմ ունեցել գեղարվեստական մարմնամարզության մարզիչների հետ, քննարկել ենք Ռոտենբերգի հարցը: Որեւէ մեկը դեմ չի արտահայտվել իմ որոշմանը, չի ասել՝ մի հեռացրեք:

Տիկին Ռոտենբերգն իմ հանձնարարականով ֆեդերացիայի գլխավոր քարտուղարից է տեղեկացել իմ պաշտոնական դիրքորոշման, իմ որոշման մասին: Ես նրանց հրավիրել եմ ֆեդերացիա՝ անձամբ իմ որոշման մասին հայտնելու նպատակով, բայց հանդիպման վայրը նրանք փոխել են:  Այդ ամենը տեղի է ունեցել մարտի 28-ի երեկոյան, հայտարարությունը տարածվել է մարտի 29-ի առավոտյան:

Ցավալի է, որ ուզում ես լավ բան անել մարզաձեւի, երեխաների, ծնողների համար, ու այսպես է դասավորվում»,- մեկնաբանեց Գագիկ Վանոյանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով