20:58  ,  28 մարտի, 2022

ԵԱ. Արման Անդրեասյանը եզրափակիչում է (ֆոտո)

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը վստահ հաղթանակով դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող առաջնության 70  կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց մոլդովացի Նիկոլայ Գրամեզի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

Առաջին մրցափուլը Արման Անդրեասյանը մեծ ակտիվությամբ սկսեց եւ առաջին րոպեին երկու միավորանոց գցում կատարեց ապա երկու միավորանոց գլորում: Մրցակիցները գնացին հանգստի 4:0 հաշվով:

Երկրորդ մրցափուլում մոլդովացի ըմբիշին հաջողվեց երկու միավոր վաստակել, բայց եւս երկուսն իր հաշվին ավելացրեց Արման Անդրեասյանը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 28-ամյա թուրք Սելահաթին Կիլիչսալայանին, քառորդ եզրափակիչում 5:1 հաշվով առավելության հասավ գերմանացի Քեվին Քրիստոֆեր Հենկելի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում