20:49  ,  28 մարտի, 2022

Վահան Բիչախչյան. Հավաքականում ընկերական հանդիպումներ չկան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը Չեռնոգորիայի նկատմամբ եւ խոսել Նորվեգիայի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։  Նախորդ ընկերական խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Չեռնոգորիային հաղթել էր Բիչախչյանի գոլի շնորհիվ։

«Հավաքականում ընկերական հանդիպումներ չկան, միշտ փորձում ենք լավ խաղալ եւ ուրախացնել մեր ազգին։ Կարող եմ ասել, որ Չեռնոգորիայի դեմ շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք հենց առաջին րոպեից մինչեւ վերջին րոպեն, արժանի հաղթանակ տարանք։

Հուսով են, որ այս հաղթանակը մեզ կօգնի, որպեսզի զարգանանք  որպես հավաքական եւ կօգնի Ազգերի լիգայում։

Արդեն դիտել ենք Նորվեգիայի հավաքականի որոշ հանդիպումներ։ Շատ կազմակերպված, արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում, ունեն ուժեղ անհատականություններ, հատկապես, հարձակման գծում, բայց ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրական արդյունքի ու նորից ուրախացնենք մեր ազգին։

Սլովակիայի առաջնությունից հետո Լեհաստանում փոփոխություն կա, բայց Սլովակիայում նույնպես առաջնությունը վատ մակարդակի չէր։ Իսկ «Պոգոնում» ավելի փորձառու եւ բարձրակարգ թիմ է։ Կփորձեմ արդարացնել սպասելիքները, որպեսզի միշտ պատրաստ լինեմ օգնել մեր հավաքականին»,- ասել է Վահան Բիչախչյանը։

Նորվեգիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում