00:32  ,  27 մարտի, 2022

ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ (ֆոտո)

Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ:

Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը Սեյրան Նիկողոսյանի գլխավորած թիմը մասնակցում է 12 հրաձիգով, որոնցից 6-ը տարբեր մրցաձեւերում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել՝ 10մ վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց՝ Լիլիթ Մկրտչյան (561 միավոր), Գոռ Խաչատրյան (571 միավոր), Գոհար Հարությունյան (556 միավոր):

10մ վազող թիրախ, խառը վազք, 20+20 կրակոց` Լիլիթ Մկրտչյան (373 միավոր), Գոռ Խաչատրյան (383 միավոր), Գոհար Հարությունյան (378 միավոր): 

Արծաթե մեդալակիրներ են դարձել՝ 10մ վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց՝ Արուսյակ Գրիգորյան (557 միավոր),10մ վազող թիրախ, խառը վազք, 20+20 կրակոց` Արուսյակ Գրիգորյան (370 միավոր): 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանին մեկ միավոր չի բավականացրել՝ եզրափակիչ դուրս գալու համար:

Էլմիրա Կարապետյանը մասնակցել է օդամղիչ ատրճանակ, 10մ մրցաձեւին եւ 59 մասնակիցների մեջ զբաղեցրել 9-րդ տեղը :

«Ինձ մեկ միավոր չբավականացրեց եզրափակիչ դուրս գալու համար: Վատ կրակեցի: Մասնակցում էր 59 հրաձիգ: Ես վաստակեցի 573 միավոր: Եզրափակիչ դուրս էին գալիս լավագույն 8-ը:

8-րդ տեղով եզրափակիչ մտած գերմանացի Թերեզ Ուալթերը վաստակեց 574 միավոր»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասաց Էլմիրա Կարապետյանը:

Ի դեպ, Օլիմպիական խաղերի մասնակիցն այս շրջանում սպասում է իր առաջնեկի ծննունդին:

Էլմիրա Կարապետյանը մասնակցել է նաեւ 30+30 կրակոց թիմային միքս վարժությանը (1 տղա+1 աղջիկ) եւ խոցել 290 միավոր: Հայաստանի զույգն այս վարժությունում զբաղեցրել է 18-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում