21:10  ,  22 մարտի, 2022

Վահագն Դավթյան. Գոհ եմ իմ արդյունքներից աշխարհի գավաթում

Կարծում եմ՝ աշխարհի գավաթի փուլերում ստացվեց լավ հանդես գալ: Գոհ եմ իմ արդյունքներից, ուրախ եմ ոսկե մեդալներ նվաճելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը:

Մարտի 17-21-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլային մրցաշարում օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը 14.800 միավորով նվաճեց հաղթողի կոչումը: Սա Եվրոպայի փոխչեմպիոնի երկրորդ ոսկե մեդալն է աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում: Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Դոհայում:

«Արդյունքիցս գոհ եմ: Ուրախ եմ, որ այս աշխարհի գավաթի փուլում էլ կարողացա ոսկե մեդալակիր դառնալ: Սպասում էի, որ կկրկնեմ հաջողությունս, ուղղակի պետք էր հավաքվել եւ լավ կատարել վարժությունը: Կարծում եմ՝ աշխարհի գավաթի փուլերում ստացվեց լավ հանդես գալ՝ չհաշված մի քանի մանր թերություններ»,- ասաց Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն աշխարհի գավաթում նվաճած վարկանիշային միավորներով իրենց տեղն արդեն ապահովել են աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:

Աշխարհի գավաթի չորրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցելու։

Վահագն Դավթյանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ից Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարն է եւ մարզումները համատեղում է աշխատանքի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում