09:08  ,  19 մարտի, 2022

Դավիթ Ավանեսյան․ Առաջին անգամ պաշտոնապես ներկայացնելու եմ միայն Հայաստանը (ֆոտո)

Ինձ համար մեծ պատիվ է ամեն հաղթանակից հետո պարզել Հայաստանի դրոշը: Մարտի 19-ին առաջին անգամ ռինգում ինձ ներկայացնելու են միայն Հայաստանից, ինչի համար շատ ուրախ եմ: Բոլոր հաղթանակներս նվիրում եմ իմ երկրին, ազգին, սահմանին կանգնած զինվորներին, պատերազմում զոհված տղաներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում  Անգլիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի եվրոպական միության (EBU) վարկածով Եվրոպայի քառակի եւ գործող  չեմպիոն, WBA  վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը:

Միջին քաշային (66 կգ) կարգում հանդես եկող 33-ամյա բռնցքամարտիկը մարտի 19-ին 5-րդ անգամ կպաշտպանի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մրցակիցը ֆին Օսկարի Մեցն է (15-0-0):

Անգլիական Queensberry Promotions-ը ներկայացնող Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 28 հաղթանակ (15 նոկաուտ), կրել 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։ 2015-2017 թվականներին եղել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Առաջիկա մենամարտը ռուսաստանցի բռնցքամարտիկի համար խորհրդանշական է՝ 33 տարեկանում 33-րդ մենամարտն է լինելու պրոֆեսիոնալ ռինգում:

Դավիթ, հետաքրքիր համընկնում կա առաջիկա մենամարտիդ եւ տարիքիդ մեջ: Քեզ համար ինչ-որ խորհուրդ ունի՞:  

Այո, իսկապես թվերի համընկնում ինձ համար խորհրդանշական է: Առաջիկա մենամարտս շատ կարեւոր է ինձ համար: Բավականին բարդ տրվեց ինձ այս մենամարտը, եղան լուրջ խոչընդոտներ, այդ իմաստով էլ է կարեւոր: Բացի այն, որ 33-րդ մենամարտս է նույն տարիքում, նաեւ առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնելու եմ միայն Հայաստանը:

Եթե մինչ այս պաշտոնապես ներկայացնում էի Ռուսաստանը, այս մենամարտում ներկայացնում եմ Հայաստանը եւ հաղթանակի դեպքում պարզելու եմ միայն Հայաստանի եւ Արցախի դրոշները: Այս փաստն էլ շատ ոգեւորիչ եւ պարտավորեցնող է ինձ համար, քանի որ միշտ ինձ ներկայացրել են Ռուսաստանից եւ Հայաստանից: Այսինքն՝ մշտապես պարզել եմ երկու կողմ ունեցող դրոշ՝ մի կողմում Հայաստանի եռագույնը, մյուսում՝ Ռուսաստանի:

Դավիթ, այս տարիքում արդեն լուրջ նվաճումների ես հասել: Ե՞րբ եւ որտեղի՞ց է սկսվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերադ:

Ծնվել եմ Ռուսաստանի Տաբինսկոե գյուղում՝ Բաշկորտոստան: Փոքր տարիքից ինձ համար մարզվել եմ տանը: Քանի որ ընտանիքի միակ երեխան էի, ծնողներս որոշել էին որեւէ մարզաձեւի չտալ, բայց ես մարզվում էի, որպեսզի ուժեղ լինեի, բակում ինչ նեղացնող չլիներ: Տանը մարզվում էի Շվարցենեգերի վիդեոներով, գրքերով: Շուտով իմացա, որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը քիկբոքսինգի մարտիկ է եղել: Նրան խնդրեցի, որ դպրոցում խմբակ բացի, մարզվենք: Շատ երկար համոզելուց հետո, բացեց եւ սկսեցի զբաղվել քիկբոքսինգով: Ուղղակի մարզվում էինք, բայց մրցումների չէինք մասնակցում:

14 տարեկանում ընտանիքս տեղափոխվեց Պյատիգորսկ քաղաք: Այստեղ ծանոթներից հետաքրքրվեցի, թե որտեղ կա քիկբոքսինգի դահլիճ. ինձ հասցե տվեցին: Գնացի, գրանցվեցի, որոշ ժամանակ հաճախեցի մարզումների: 

Մի օր մոտեցա մարզիչիս, ասացի՝ ինչո՞ւ ենք միայն ձեռքերով աշխատում, ոտքերով ե՞րբ ենք աշխատելու։  Մարզիչս ասաց՝ «դու սկզբում սովորիր ձեռքերով հարվածել, հետո նոր ոտքերով»։ Պարզվեց՝ ես բռնցքամարտի մարզադահլիճ էի հաճախում:

Ի՞նչ հաջողություններ ես ունեցել սիրողական բռնցքամարտում:

Լուրջ հաջողություններ չեմ ունեցել: Հաղթում էի, չէին տալիս, մրցավարները խլում էին հաղթանակս: Այդ ընթացքում նաեւ սովորում էի,  20 տարեկան էի եւ որոշել էի արդեն ավարտել սպորտը, աշխատանք գտնել, որպեսզի օգնեմ ծնողներիս: Արդեն որոշված, որ պետք է աստիճանաբար դուրս գամ բռնցքամարտից, մարզումներից մեկի ժամանակ մեր դահլիճ մտավ մի մարդ: Նայեց՝ ինչպես եմ աշխատում, հարվածներ անում, մարզիչիս ասաց՝ «տղադ չի ուզո՞ւմ պրոֆեսիոնալ մենանարտեր անել, շատ լավ հարվածներ է տալիս»:  Ես անմիջապես հետաքրքրվեցի աշխատավարձով: Ինձ ասացին, որ կարող եմ ամեն ռաունդը 100 դոլար վաստակել: Համաձայնեցի: Այդպես սկսվեց իմ կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Ե՞րբ, որտե՞ղ է եղել առաջին մենամարտդ պրոֆեսիոնալ ռինգում:

Սոչիում եմ առաջին մենամարտս անցկացրել, մրցակիցս Վազգեն Աղաջանյանն էր: Նորամուտս հաղթանակով եղավ եւ ամեն ինչ սկսվեց այդ հաղթանակից: 13 տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում եմ, երկու անգամ Ռուսաստանի չեմպիոն եմ եղել իմ քաշային կարգում, երկու անգամ WBC վարկածով մինչեւ 24 տարեկանների աշխարհի չեմպիոն եմ եղել, մի քանի գոտիներ եմ նվաճել:

Մեծահասակներում առաջին լուրջ հաղթանակդ ո՞րն է եղել:

2014 թվականին Անգլիայից հրավեր ստացա: Այստեղ երկու մենամարտ ունեցա,  երկուսում էլ հաղթանակ գրանցեցի, եւ ինձ առաջարկեցին մեծահասակներում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար մենամարտել: Այդ մենամարտում հաղթեցի վենեսուելացի Չարլի Նավարոյին, որը պրոֆեսիոնալ ռինգում ունեցել էր 25 հաղթանակ, 10 պարտություն:

Ամենատպավորիչ եւ հիշվող մենամարտդ ո՞րն է եղել:

Բոլոր մենամարտերս հիշվող են ինձ համար: Տպավորիչներից կառանձնացնեմ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի եռակի չեմպիոն, ամերիկացի Շեյն Մոսլիի հետ մենամարտս: Երբեք չէի պատկերացնի, որ այպիսի լեգենդար բռնցքամարտիկի հետ կմենամարտեմ: Երբ մենեջերս ինձ ասաց, որ ինձ հետ մենամարտելու ցանկություն է հայտնել Շեյն Մոսլին, հավատս չէր գալիս: Որոշեցի, որ նման մենամարտից չի կարելի հրաժարվել, չէի կարող չհամաձայնել, նա աստղ էր, բայց հասկանում էի նաեւ, որ նրան հաղթելը գրեթե անհնար էր լինելու: Նա լավագույններից էր մեր քաշային կարգում, եթե ոչ՝ ամենալավը: Կար նաեւ ռիսկ, որ գուցե ես հաղթեի, բայց չտային ինձ հաղթանակը, որովհետեւ յուրաքանչյուր մենամարտում նա էր շոու անողը, հանդիսատեսը նրան տեսնելու համար էր գալիս մարզապալատ: Մենամարտը տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 28-ին ԱՄՆ-ում եւ ես հաղթեցի նրան՝ դառնալով արդեն պաշտոնապես WBA վարկածով աշխարհի չեմպիոն: Շեյն Մոսլին այդ տարի պաշտոնապես ավարտեց բռնցքամարտիկի կարիերան:

Մարտի 19-ի մենամարտում դու 5-րդ անգամ պաշտպանելու ես EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտին: Հիշու՞մ ես, թե ինչպես առաջին անգամ նվաճեցիր գոտին:

2019 թվականին Իսպանիայից հրավեր ստացա, որտեղ առաջին մենամարտս եղել է Եվրոպայի չեմպիոնի գոտու համար: Դրանից առաջ ես մի պարտություն էի ունեցել ու ինձ խարհուրդ էին տալիս չհամաձայնել EBU գոտու մենամարտին, որովհետեւ մրցակիցը շատ ուժեղ բռնցքամարտիկ էր՝ իսպանացի Կերման Լեջարագա: Նա այդ ժամանակ ուներ 27 հաղթանակ եւ ոչ մի պարտություն: Ինձ ասում էին, որ անհնար է նրան հաղթել, իսկ պարտությունից հետո եւս մեկ պարտություն պետք չէր ունենալ: Ես որոշեցի, որ պետք է մենամարտեմ: Այդ երեկոյին 12 հազար հանդիսատես կար ու բոլորը եկել էին Լեջարագային երկրպագելու: Հենց սկբիզ շատ լավ մենանարտ ստացվեց: Այդ 12 հազար հանդիսատեսը երկրպագում էր միայն մրցակցիս: Ոչինչ չէի լսում, դժվար մենամարտ էր: 4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեցի,  9-րդ ռաունդում ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ տեխնիկական հաղթանակ տալով ինձ: Այդ պահին 12 հազար երկրպագուները լռեցին. դահլիճում քար լռություն տիրեց մի քանի վայրկյան ու ես նվաճեցի Եվրոպայի չեմպիոնական գոտին: 

Իսպանացի բռնցքամարտիկը ռեւանշ ուզեց եւ մենք ռինգում հանդիպեցինք երկրորդ անգամ մի քանի ամիս անց: Ռեւանշ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի նրան եւ պաշտպանեցի տիտղոսս: Այդ մենամարտից հետո եւս 3 մենամարտ եմ ունեցել գոտու պաշտպանության համար եւ բոլորում հաղթել եմ:

Ո՞րն է գլխավոր նպատակդ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Այս մենամարտիցս շատ բան է կախված: Պետք է անպայման հաղթեմ, որպեսզի ինձ WBC  վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու մենամարտ տան: Ես արդեն լրացրել եմ վարկանիշներս, ամեն ինչ արել եմ աշխարհի չեմպիոնի գոտու մենամարտ ունենալու համար, բայց դեռ ձգձգում են: Իմ վարկանիշները թույլ են տալիս ոչ միայն WBC վարկածով, այլ նաեւ WBO, WBF, բոլոր վարկածներով չեմպիոնական մենամարտեր ունենալ: Ցանկությունս աշխարհի չեմպիոնի մի քանի գոտիներ ունենալն է տարբեր վարկածներով:

Դավիթ, բռնցքամարտում առաջին քայլերդ անելիս երազե՞լ ես այսպիսի հաջողությունների մասին:

Անկեղծ կլինեմ, երբեք չեմ պատկերացրել, որ հաջողություններ կունենամ, չեմպիոն կդառնամ, այսպիսի ձգտում կունենամ մի քանի գոտիներ նվաճել: Փոքր տարիքում բռնցքամարտով զբաղվելս եղել է զուտ ինքնապաշտպանության համար. միշտ ուզել եմ ուժեղ լինել:  Ծնողներս դեմ են եղել, որ ես բռնցքամարտով զբաղվեմ: Մայրիկս մինչ օրս չի ընդունում իմ մասնագիտությունը, մենամարտերս չի դիտում, հաճախակի վիճում ենք այս թեմայով (ծիծաղում է): 

Զրույցի սկզբում նշեցիր, որ վաղվա մենամարտդ քեզ համար առանձնահատուկ կարեւոր է...

Առաջին անգամ ես պաշտոնապես ներկայացնելու եմ միայն Հայաստանը: Մենամարտը տեղի է ունենալու Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Ուկրաինայում ընթացող պատերազմի պայմաններում ինձ չէին թողնում մասնակցել մենամարտին, չէին ցանկանում մենամարտ տալ, քանի որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այդ երկիրն եմ ներկայացնում: Մեծ դժվարությամբ համաձայնություն ձեռք բերեցին, փոխեցի լիցենզիաս, որպեսզի այս մենամարտին մասնակցեմ: Անգլիայի ֆեդերացիան թույլ չէր տալիս, եվրոպական ֆեդերացիան չէր համաձայնում, նույնիսկ «Ուեմբլի» ստադիոնի ղեկավարներն ասել էին, որ ոչ մի ռուս մարզիկ չի կարող այնտեղ մրցման մասնակցել: Կարողացանք այս խնդիրները լուծել: Հուսամ վերջին պահին անակնկալներ չեն լինի եւ ես հաջողությամբ կանցկացնեմ իմ մենամարտը:

Մարտի 19-ին ես ռինգ եմ դուրս գալու «Արցախ» երգի հնչյուններով եւ ինձ հայտարարելու են «Դավիթ Ավանեսյան, Հայաստան»: Շատ ոգեւորված եմ եւ շատ եմ սպասում այդ պահին:

Ես շատ եմ սիրում հայ ազգին: Հպարտ եմ, որ հայ եմ: Պրոֆեսիոնալ ռինգում մշտապես պարզում եմ նաեւ իմ երկրի դրոշը: Ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց բոլորը գիտեն, որ ես հայ եմ: Ամեն հաղթանակից հետո ինձ համար մեծ պատիվ է պարզել Հայաստանի, Արցախի դրոշները: Դա իմ հպարտության վայրկյաններն են:

Բոլոր հաղթանակներս նվիրված են իմ ազգին, Հայաստանին, Արցախին, մեր զինվորներին, պատերազմում զոհված տղաներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս