00:54  ,  19 մարտի, 2022

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը հանդես կգա եւս 2 եզրափակիչում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի հենացատկի եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներ:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մարտի 17-ից մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի երկրորդ մրցումային օրը անցկացվել են հենացատկի եւ պտտաձողի վարժությունների որակավորման փուլերը:

Եվրոպայի չեմպիոնը երկու վարժություններում բարձր միավորներով դուրս է եկել եզրափակիչ:

Իր հիմնական գործիքի՝ հենացատկի վարժությունում Դավթյանը վաստակել է 14.600 միավոր եւ երկրորդ տեղից դուրս եկել եզրափակիչ:

Պտտաձողի վարժությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը 13.033 միավորով 7-րդն է:

Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը մասնակիցներ ունի նաեւ ազատ վարժության, նժույգ թափերի եւ օղակների վարժությունների եզրափակիչներում: Մեդալների համար կպայքարեն Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (ազատ վարժություն):

Եզրափակիչները տեղի կունենա մարտի 19-20-ին:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն աշխարհի գավաթում նվաճած վարկանիշային միավորներով իրենց տեղն արդեն ապահովել են աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:

Աշխարհի գավաթի չորրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցելու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում