00:25  ,  18 մարտի, 2022

Աշխարհի գավաթ․ Հայաստանի 4 մարմնամարզիկ եզրափակիչում է

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում  Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ:

Մարտի 17-ին մեկնարկած աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում առաջին մրցումային օրը տեղի են ունեցել ազատ վարժության, նժույգ թափերի եւ օղակների վարժությունների որակավորման փուլերը:

Նժույգ թափերի վարժությունում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը երրորդ տեղից է դուրս եկել եզրափակիչ: Նա վաստակել է 14.533 միավոր:

Օղակների վարժությունում Դոհայի փուլի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը վաստակել է 14.733 միավոր եւ երկրորդ տեղից եզրափակիչում է: Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով չորրորդն է:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Կոտբուսի եւ Դոհայի փուլերի հաղթող Արթուր Դավթյանն ազատ վարժությունում 13.600 միավորով 4-րդն է:

Կահիրեի փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից մասնակցում է 4 մարմնամարզիկ: Չի մասնակցում Գագիկ Խաչիկյանը, որը նախորդ երկու փուլերում անհաջող էր մասնակցել: 

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից մարտի 5-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում եւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի առաջին երկու փուլերում Հայաստանի թիմը նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:  Երկու ոսկե մեդալ է նվաճել Արթուր Դավթյանը, մեկական ոսկե եւ արծաթե մեդալներ՝ Վահագն Դավթյանը, արծաթե մեդալակիր՝ Արթուր Ավետիսյանը, բրոնզե մեդալ՝ Հարություն Մերդինյանը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն աշխարհի գավաթում նվաճած վարկանիշային միավորներով իրենց տեղն արդեն ապահովել են աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:

Աշխարհի գավաթի չորրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցելու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում