19:18  ,  17 մարտի, 2022

Հովհաննես Բաչկով. Առաջիկա մենամարտում երկու նպատակ ունեմ

Օլիմպիական խաղերից եւ աշխարհի առաջնությունից հետո պրոֆեսիոնալ ռինգում լինելու է առաջին մենամարտս, որում երկու նպատակ ունեմ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դուբայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 29-ամյա Հովհաննես Բաչկովը։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագն այս օրերին պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտին, որը տեղի է ունենալու մարտի 19-ին Դուբայում: Մրցակիցը կլինի 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիան:

«Ինձ համար պատասխանատու մենամարտ է լինելու: Լավ մարզավիճակում եմ: Այսպիսի մենամարտերն ինձ ավելի են մոտեցնում չեմպիոնական գոտիներին: Ինչպես նախորդները, այս մենամարտն էլ վարկանիշային է լինելու:

Եկել եմ այստեղ հաջողության հասնելու համար: Երկու նպատակ ունեմ այս մենամարտում՝ հաղթել մրցակցիս եւ գրավել ամբոխը»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Գյումրեցի բռնցքամարտիկն իր երրորդ մենամարտին պատրաստվել է բրիտանացի մարզիչ Դենի Վոանի գլխավորությամբ:

Հովհաննես Բաչկովը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր:

Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Հովհաննես Բաչկովն անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով