18:29  ,  14 մարտի, 2022

Հակոբ Աբրահամյան․ Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ Պարալիմպիկ խաղերում, որովհետեւ սպիտակ քարտ չտրամադրեցին

Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն Հայաստանին Պեկին-2022-ի սպիտակ քարտեր չի տրամադրել: Մենք վարկանիշներ չունեինք, սպիտակ քարտերի հայտերն էլ մերժվել են, այդ պատճառով էլ Հայաստանը մասնակից չի ունեցել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախախագահ Հակոբ Աբրահամյանը:

Մարտի 4-13-ը Պեկինում անցկացված ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ: Ավելի վաղ պարաաթլետ, Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի մասնակից Ստաս Նազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել էր ձմեռային Խաղերին  չմասնակցելու հնարավոր պատճառների մասին: Ըստ նրա, Պեկին չմեկնելու պատճառը Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ ունեցած տարաձայնություններն էին եւ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի անձնական վերաբերմունքն իր նկատմամբ:

Հակոբ Աբրահամյանը պատասխանել է Ստաս Նազարյանի հայտարարություններին եւ մեկնաբանել Պեկին-2022-ում մասնակից չունենալու բուն պատճառները:

Պարոն Աբրահամյան, սկսենք սկզբից: Ինչո՞ւ Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ Պեկինում:

Նախ սկսենք նրանից, թե ինչու է Ստաս Նազարյանը որոշել, որ հենց ինքը պետք է մեկներ Պեկին: Մենք 7 մարզիկ ենք ներկայացրել սպիտակ քարտերի համար: Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ Պեկին-2022-ում, որովհետեւ միջազգային կոմիտեն մեզ սպիտակ քարտեր չտրամադրեց: Ինձ նամակով դիմեցին մարզիկները, ես պատասխանեցի, որ սպիտակ քարտ տրամադրելու դեպքում անմիջապես նրանց կտեղեկացնեմ: Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեն 7 մարզիկի համար հայտ է ներկայացրել:

Մենք հույս ունեինք, որ գոնե դահուկավազքում եւ լեռնադահուկում մեկական մասնակից կունենանք, բայց միջազգային կոմիտեն բավական ուշ պատասխանեց. մերժել էին, գրելով՝ կներեք, չենք կարող ձեզ սպիտակ քարտեր տրամադրել:

Ի՞նչ հիմքով չեն տրամադրել:

Նպատակահարմար չեն գտել: Դա միջազգային կոմիտեի ձմեռային ձեւերի բաժնի հայեցողության վրա է:  Ես առանձին նամակ-խնդրանքով գրեցի միջազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին, ում հետ ունեմ մտերիմ հարաբերություններ: Խնդրեցի՝  բացառության կարգով գոնե մեկ մարզիկի սպիտակ քարտ տան, որ երկիրը մասնակցություն ապահովի: Նա ինձ հաջորդ օրը պատասխանեց, որ հարգում է մեր հարաբերությունների ջերմությունը, բայց չի կարող այդպիսի բան անել. կանոնակարգով իր միջամտությունը նախատեսված չէ:

Ես շատ կուզեի, որ Հայաստանը մասնակից ունենար Պեկինում, թեկուզ Ստաս Նազարյանի մասնակցությամբ, բայց փաստն այն է, որ մենք վարկանիշ չունեցանք, սպիտակ քարտի համար էլ մերժեցին:

Մարզիկները վարկանիշային մրցաշարերի մասնակցել են, ի՞նչ արդյունքներ են գրանցել:

Այստեղ մի դրվագ կա, որի մասին Ստաս Նազարյանը, վստահ եմ, չի պատմել: Նրանք մի շատ կարեւոր «ղալաթ» են արել, որի պատճառով մենք բաց ենք թողել նաեւ վարկանիշային մրցաշարերը:

2022 թվականի համար մենք ձմեռային ձեւերի բյուջե չունեինք: Ստաս Նազարյանը եւ մի խումբ մարզիկներ ծանոթ պատգամավորի հետ գնացել են ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մոտ, համոզել, որ իրենց փող տա Լիլեհամերի վարկանիշային մրցաշարին: Կարեն Գիլոյանը համաձայնել է ֆինանսավորել պայմանով՝ գնան, մասնակցեն, նոր ինքը բյուջե տրամադրի: Այդ ամենի մասին ինձ չեն տեղեկացրել, ոչ էլ Ազգային Պարալիմպիկ կոմիտեին:

Հունվարին ես տեղեկանում եմ, որ այդպիսի պատմություն է եղել: Կապ եմ հաստատում Կարեն Գիլոյանի օգնականի հետ: Նշեմ, որ նախորդ տարի հանդիպումներից մեկի ժամանակ փոխնախարարն արտահայտվեց, որ գնում- մասնակցում ենք մրցաշարերին, որի մեջը նյութ չկա. պարզապես մասնակցություն է: Այժմ  նրա օգնականին ասում եմ, որ եթե Լիլեհամեր մեկնենք, նույն պատկերն է լինելու, այսինքն՝ արդյունքի ակնկալիք չունենք: Եթե դեմ են այդպիսի մասնակցությանը, մենք կհրաժարվենք, եթե կողմ են, ուրեմն ժամանակի խնդիր ունենք եւ պետք է արագ կատարվի ֆինանսավորումը, կազմակերպչական հարցերը:

Ես նախատեսում էի 7 մասնակցով Լիլեհամեր մեկնել, որպեսզի գոնե մեկ կամ երկու սպիտակ քարտի հույս ունենանք: Կարեն Գիլոյանի օգնականն ինձ խոստացավ, որ արագ կտեղեկացնի փոխնախարարին եւ կպատասխանի: Լիլեհամերի մրցաշարը մեկնարկում էր հունվարի 8-ին, ինձ Գիլոյանի օգնականը զանգահարել է հունվարի 7-ին: Մենք էլ չէինք հասցնի որեւէ տեղ գնալ:

Այստեղ ամենավատն այն է, որ երբ նոյեմբերին պատգամավորի ներկայությամբ Կարեն Գիլոյանը խոստացել է ֆինանսավորել մրցաշարը, հետո չեն եկել եւ ինձ չեն տեղեկացրել այդ «տրյուկի» մասին:

Իսկ մինչ այդ վարկանիշային մրցաշարերի մասնակցություն Դուք չէիք նախատեսո՞ւմ, այդ թվում Լիլեհամերինը: Նախարարության հետ քննարկում չի՞ եղել ֆինանսավորման մասին:

Իրականում շատ երկար ձգձգվեց վարկանիշային մրցումներն անցկացնելու վայրերի որոշումը: Շատ ուշ որոշվեց, որ Նորվեգիայում պետք է լինի:

Ո՞ր կողմի աշխատանքն է թերացել, որ այս իրավիճակն է ստեղծվել:

Պարալիմպիկ կոմիտեն իր աշխատանքը լիարժեք կատարել է: Թերացել են մարզիկները, որ ինքնագլուխ որոշումներ են կայացրել եւ արդյունքների մասին չեն տեղեկացրել, կամ գուցե միտումնավոր են արել:

Պարոն Աբրահամյան, Ստաս Նազարյանի խոսքով Տոկիո-2022 ամառային Պարալիմպիկ խաղերից հետո նա կոմիտեի հետ տարաձայնություններ ունի եւ ենթադրում է, որ գուցե Դուք միտումնավոր սպիտակ քարտի հայտ չեք ներկայացրել, որպեսզի նա չմեկի Պեկին:

Ստաս Նազարյանը պետք է խնդիր ունենար Պարալիմպիկ կոմիտեի հետ, որովհետեւ չի կարելի, որ մարզիկն Օլիմպիական խաղերի ժամանակ անընդհատ ֆեյսբուքի մեջ լինի, նա ֆեյսբուքում է ապրում: Կան որոշակի կանոններ, որոնք չի կարելի խախտել: Օրինակ՝ ռուսական թիմում, եթե Խաղերի ժամանակ մարզիկներից մեկը լուսանկար տեղադրի ինչ-որ մի տեղ, նրան անմիջապես հեռացնում են: Նա ազատ, ինքնագլուխ հայտարարություններ է անում, հարցազրույց է տալիս լրագրողին, որի պատճառով խառնում է ամեն ինչ:  Այդ հարցազրույցի պատճառով մենք զրկվեցինք լուրջ դոնորներից, որոնք մեզ սայլակ էին նվիրել: Ինքն ու մարզիչը որոշել էին, որ այդ սայլակը պետք չի, իրենք հին սայլակով մրցուղի դուրս կգան:

Անդրադառնալով նրան, որ ես տարաձայնությունների պատճառով գուցե միտումնավոր հայտ ներկայացրած չլինեմ, դրանք «ցնդած» ենթադրություններ են: Ես ունեմ նամակները, հայտերը, որոնք ուղարկել եմ եւ մերժման նամակը: 7 մարզիկի համար հայտ եմ ներկայացրել, այդ թվում՝ Ստաս Նազարյանի: Իմ կազմակերպությունն իր ֆունկցիան ամբողջությամբ կատարել է, ավելին՝ դեռ միջնորդել եմ նամակ-խնդրանքով, որ կոմիտեի նախագահը միջնորդի, բայց չի ստացվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով