16:19  ,  14 մարտի, 2022

ԱԱ․ Հայաստանը կներկայացնեն Կարապետյանն ու Սենակալը, Հայրապետյանը չի մասնակցի

Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի մարտի 21-27-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացվելիք գեղասահքի աշխարհի առաջնությանը: Այս մասին գեղասահորդը հայտնել է Ինստագրամում:

Հայաստանը ներկայացուցիչ կունենա միայն պարային զույգերի մրցաշարում, որտեղ հանդես կգան Պեկին-2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը:

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա նաեւ կանանց մենասահքում: Հայաստանի միակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանն այլեւս հանդես չի գալիս մենասահքում: Գեղասահորդուհին այդ մասին հայտարարել էր փետրվարին՝ ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում: Նա տեղափոխվել է պարեր սառույցի վրա:

Ինչ վերաբերում է Սլավիկ Հայրապետյանը մասնակցությանը, դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: Գեղասահքի աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հայտացուցակներից արդեն հեռացված է Սլավիկ Հայրապետյանի անունը:

Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանը չմասնակցեց նաեւ նախորդ տարվա աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Գեղասահորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում