19:36  ,  9 մարտի, 2022

Հակոբ Սերոբյան․ Աշխարհի գավաթի առաջին երկու փուլերի արդյունքներից շատ գոհ եմ

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը աշխարհի գավաթում նվաճած վարկանիշային միավորներով իրենց տեղն ապահովեցին աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում: Առջեւում եւս մեկ փուլ ունենք եւ հույս ունենք, որ մեր վարկանիշները դեռ կլրացնենք: Չորրորդ փուլին, որը տեղի է ունենալու Բաքվում, չենք մասնակցելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն՝ ամփոփելով աշխարհի գավաթի փուլերի առաջին երկու մրցաշարերի արդյունքները:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը փետրվարի 25-ից մարտի 5-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում եւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլերից Հայաստան են վերադարձել երեք ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:  Երկու ոսկե մեդալ է նվաճել Արթուր Դավթյանը, մեկական ոսկե եւ արծաթե մեդալներ՝ Վահագն Դավթյան, արծաթե մեդալակիր՝ Արթուր Ավետիսյան, բրոնզե մեդալ՝ Հարություն Մերդինյան:

«Աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի արդյունքներից շատ գոհ եմ: Հրաշալի արդյունքներով վերադարձանք Կոտբուսից եւ Դոհայից: Այս երկու փուլերի արդյունքներով աշխարհի առաջնության վարկանիշների համար արդեն առաջին տեղում ենք: Այսինքն հաստատ աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում երկու ներկայացուցիչ կունենանք՝ Արթուր Դավթյանը հենացատկում եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում:

Ինչպես արդեն նախկինում ասել էի՝ սպորտային մարմնամարզության կանոնակարգում փոփոխություններ էին եղել եւ այսուհետեւ աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում մասնակցության իրավունքը վարկանիշներով է: Վարկանիշային միավորները տալիս են աշխարհի գավաթի այս փուլերը:

Մենք մասնակցում ենք երեք փուլերին, քանի որ չորրորդը Բաքվում է: Այդ վերջին փուլը բաց կթողնենք, բայց դա չի ազդի մեր միավորների վրա, քանի որ արդեն երկու մարզիկ ամենաբարձր միավորներով իրենց տեղն ունեն: Արթուր Ավետիսյանն էլ լավ միավորներ ունի, բայց դեռ լրացնելու տեղ ունենք, որը կանենք Եգիպտոսի աշխարհի գավաթի փուլում:

Դոհայի արդյունքներից հետո պլանը գերակատարեցինք:

Բոլորից գոհ եմ: Լավագույնս հանդես եկան: Մենք գնում ենք նրան, որ աշխարհի առաջնությունում թիմային պայքարում լինենք եւ, կարծես, մեզ հաջողվում է:

Արթուր Դավթյանն իր լավագույն արդյունքները ցույց տվեց: Իրար հաջորդող երկու մրցաշար, երկուսում էլ առաջին տեղ: Յուրաքանչյուր առաջին տեղ 30 միավոր է տալիս: Սա միավորների առավելագույնն է: Միավորների առումով նրան հասնող չի լինի:

Մեր կանոնադրությունում եւս մի քանի փոփոխություններ են եղել՝ ի օգուտ մեզ, ի դեպ: Արթուր Դավթյանն իր ցատկերով այժմ ավելի բարձր միավորներ է վաստակում: Կոտբուսում հրաշալի կատարեց ցատկերը եւ ամենաբարձր միավորներով առաջին տեղը զբաղեցրեց:

Դոհայում հետաքրքիր ստացվեց ամեն ինչ: Որակավորման փուլում Արթուրի ձեռքը սայթաքեց, պտույտների ժամանակ ընկավ եւ 9-րդ տեղը զբաղեցրեց: Եզրափակիչում պահեստայինում էր: Մրցման օրը Բելառուսի ներկայացուցիչը հրաժարվեց եզրափակիչից, Արթուրը մասնակցության իրավունք ստացավ եւ զբաղեցրեց առաջին տեղը:

Դոհայում ինձ շատ ուրախացրին Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը: Հարություն Մերդինյանն այս տարիքում իր լավագույն արդյունքն արեց: Իմ պահանջը հենց սա է՝ անել այն, ինչ կարող են: Շատ ուրախացա նաեւ Վահագն Դավթյանի ոսկե մեդալի համար: Երկար տարիներ Վահագնը աշխարհի գավաթի փուլերում, Եվրոպայի առաջնությունում մշտապես երկրորդ տեղն էր զբաղեցնում: Ժամանակն էր, որ նա ոսկե մեդալ նվաճի: Վահագն Դավթյանն աշխատասեր տղա է: Ուրախ եմ նրա համար:

Աշխարհի գավաթի փուլերի մրցաշարերում դժգոհ եմ Գագիկ Խաչիկյանի մասնակցությունից: Կոտբուսում եւ Դոհայում նա լավ հանդես չեկավ: Ինձ համար մնաց հանելուկ, թե ինչ էր նրա հետ կատարվում: Նա չի մասնակցի Եգիպտոսի փուլին: Պետք է հասկանանք՝ ինչ խնդիր կա: Գագիկը լավ երեխա է, ինչ-որ հոգեբանական խնդիր կա: Հայաստանի առաջնությունում չարեց, աշխարհի գավաթներում չարեց: Ճիշտ է՝ չի ընկել գործիքի վրայից, բայց լավ չկատարեց իր վարժությունը: Իր հնարավորությունների կեսի կեսով մասնակցեց, այդ պատճառով երկու դեպքում էլ եզրափակիչ դուրս չեկավ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը տեղի է ունենալու Եգիպտոսում: Թիմը Երեւանից կմեկնի մարտի 15-ին: Մասնակցելու են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով