18:07  ,  7 մարտի, 2022

Լեւոն Աղասյան․ Հաղթելու ցանկությունս այս անգամ Թուրքիայում կրկնակի մեծ էր

Առաջին անգամ այլ զգացողություն ունեի Թուրքիայում մրցելույթիս ժամանակ: Շատ ուրախ եմ այս հաղթանակիս համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որը մարտին 5-ին Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկի մրցաշարում նվաճել է չեմպիոնի կոչումը: Նա գրանցել է 16մ 26 սմ արդյունք: Սա կապանցի եռացատկորդի առաջին մրցելույթն էր այս տարի:

«Մրցելույթիցս դժգոհ չեմ իրականում։ Լավ մարզավիճակում եմ գտնվում: Մինչեւ աշխարհի առաջնություն ավելի կլավացնեմ այն։ Թուրքիայի մրցաշարում հեռու ցատկեր արեցի, բայց ցատկատախտակը թույլատրելիից շատ էի անցել եւ, դրանք որպես արդյունք չգրանցվեցին։ Վստահ կարող եմ ասել, որ մրցաշրջանի առաջին մրցման համար վատ չմասնակցեցի։

Բազմիցս նշել եմ, որ ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ եմ մասնակցում մրցման։ Այս անգամ նույն զգացողությունը չունեի, որովհետեւ 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ էր Թուրքիայում մեր թիմը մասնակցում մեծ մրցաշարի:

Լավ հանդես գալու եւ հաղթելու ցանկությունս այս անգամ այնտեղ կրկնակի մեծ էր: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար եւ առավել ուրախացա, երբ մեր երկրպագուներն այն ընդունեցին խանդավառությամբ եւ դրական հույզերով:

Այսօր ենք վերադարձել Թուրքիայից: Մարզումների փուլը կշարունակենք նույն տեմպով եւ կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու մարտի 18-20-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում»,- ասաց Լեւոն Աղասյանը։

Աշխարհի ձմեռային առաջնությունը (մարզադահլիճ) կանցկացվի մարտի 18-20-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով