01:50  ,  23 փետրվարի, 2022

ՉԼ․ «Յուվենտուսը» խաղաց ոչ ոքի, «Չելսին» խնդիրներ չունեցավ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Թուրինի «Յուվենտուսն» Իսպանիայում հյուրընկալվեց «Վիլյառեալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Չեմպիոնների լիգայում նորամուտը ռեկորդային արագ գոլով նշեց իտալական թիմի նորեկ, 22-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը մրցակցի դարպասը գրավեց 32-րդ վայրկյանին։

Չեմպիոնների լիգայում առաջին հանդիպումն անցկացրած ֆուտբոլիստի համար սա ամենաարագ գոլն է մրցաշարի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրեաս Մյոլերին, որը 1995 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գրավել է «Յուվենտուսի» դարպասը 37-րդ վայրկյանին։

«Վիլյառեալը» հավասարությունը վերականգնեց 66-րդ րոպեին։ Իսպանացի կիսապաշտպան Դանի Պարեխոն գրավեց լեհ Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող անգլիական «Չելսին» Լոնդոնում ընդունեց ֆրանսիական «Լիլին» եւ հաղթեց 2։0 հաշվով։ 8-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ 63-րդ րոպեին գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 16-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ առաջին խաղ

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2։0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 8, Կրիստիան Պուլիշիչ, 63

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)

Դանի Պարեխո, 66 - Դուշան Վլահովիչ, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում