09:57  ,  18 փետրվարի, 2022

ՄՕԿ նախագահը՝ Վալիեւայի մասին․ Այդպիսի ճնշում նույնիսկ ես չեմ պատկերացնում, հատկապես, 15-ամյա աղջկա դեպքում

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է 15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւայի մասնակցությունը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին եւ Մարզական վճռաբեկ դատարանի որոշումը նրա դոպինգ թեստի դրական պատասխանից հետո, հաղորդում է BBC-ն։

ՄՕԿ-ը, Գեղասահքի միջազգային ֆեդերացիան եւ Համաշխարհային կահադոպինգային գործակալությունը պահանջել էին զրկել Վալիեւային մասնակցության հնարավորությունից, քանի որ դեկտեմբերի հանձնած դոպինգ թեստում եղել էր ագելված դեղամիջոց (տրիմետազիդին)։ Մարզական վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նրա տարիքը, թույլատրել էր մասնակցությունը։

Գեղասահքի կանանց մենասահքում Վալիեւան գրավեց չորրորդ տեղը, թեեւ կարճ ծրագրից հետո առաջատարն էր։ Նա Ռուսաստանի հավաքականի հետ դարձել է Պեկինի Խաղերի չեմպիոն թիմային մրցումներում։

«Մենք դեմ էինք Վալիեւայի մասնակցությանը, բայց տանուլ տվեցինք դատարանում։ Պետք է հարգել օրենքը։ Եթե մենք չհարգենք օրենքը, դատարանի որոշումները, միջազգային սպորտ չի լինի։ Սակայն ՄՕԿ-ը որոշեց չանցկացնել պարգեւատրման արարարողություն, քանի որ գործը դեռ փակված չէ։ Դեռ ընթանում է հետաքննություն։ Քաոս չկար, կար արդարություն եւ դատարանի որոշում։ Մենք հետեւում ենք օրենքի տառին, բայց նաեւ մտահոգություն հայտնում, որ 15-ամյա աղջկա մարմնում հայտնաբերվել է արգելված դեղամիջոց։ Մենք կարծում ենք, որ դրա համար պետք է մեղադրել պատասխանատու բոլոր մարդկանց։

Երեկ ես հեռուստացույցով դիտել եմ Վալիեւայի մրցելույթը եւ շատ տխրել։ Մեծ ճնշում էր զգացվում նրա վրա, այն կարելի էր շոշափել։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում մեծ ճնշման տակ հանդես գալը։ Բայց այդպիսի ճնշում նույնիսկ ես չեմ պատկերացնում, հատկապես, 15-ամյա աղջկա համար։

Նա պայքարում էր սառույցի վրա, փորձում էր հավաքվել, շատ ծանր էր, բայց նա ցանկանում էր մինչեւ վերջ կատարել իր ծրագիրը։ Ամեն շարժման մեջ երեւում էր, թե ինչքան ծանր է նրա համար։ Չես նախանձի այդպիսի հոգեբանական ճնշման տակ հայտնվածին։ Հավանաբար, նա ցանկանում էր պարզապես հեռանալ եւ մոռանալ այդ պատմությունը, բայց նա կատարեց ծրագիրը մինչեւ վերջ։

Հետո տեսա, թե ինչպիսի սառնությամբ նրան դիմավորեցին մարզիչները, թիմի անդամները։ Նույնիսկ փշաքաղվեցի։ Սառնություն էր փչում այդ ամենից։ Մարզուհուն աջակցելու փոխարեն, սառնության մթնոլորտ էր։ Չեմ կարծում, որ Կամիլայի շրջապատն արժանի է վստահության։ Նրա ընտանիքը պետք է անի հնարավոր ամեն ինչ, իսկապես ոգեշնչի, աջակցի նրան»,- ասել է Բախն ասուլիսում։ 

Մենասահքի ազատ ծրագրից առաջ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ եթե Վալիեւան դառնա մեդալակիր, նրա արդյունքը կհամարվի նախնական եւ պարգեւատրության արարողություն չի անցկացվի։ Գեղասահքի թիմային մրցաշարի պարգեւատրման արարողությունը եւս չեղարկվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English