10:54  ,  16 փետրվարի, 2022

ՄՕԿ․ Կամիլա Վալիեւայի արդյունքը կհամարվի նախնական

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւայի արդյունքը մենասահքում կհամարվի նախնական։ Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Ադամսը։

Վալիեւայի դոպինգ թեստի պատասխանը դեկտեմբերին եղել է դրական։ Մարզական վճռաբեկ դատարանը թույլատրել էր Վալիեւայի մասնակցությունը մենասահքին, սակայն արգելված դեղամիջոցի օգտագործման եւ մարզուհու որակազրկման հարցը դեռ չի քննարկվել։

«Հինգշաբթի Վալիեւայի արդյունքի դիմաց կլինի աստղանիշ։ Այդ արդյունքը կհամարվի նախնական։ Դեռ հետաքննությունը չի ավարտվել, գործը չի փակվել»,- ասել է Ադամսը մամուլի ասուլիսում, փոխանցում է ՄՕԿ-ի կայքը։

Ավելի վաղ ՄՕԿ-ից պաշտոնապես հայտնել էին, որ պարգեւատրության արարողություն տեղի չի ունենա, եթե Վալիեւան լինի մեդալակիրների եռյակում։

Մենասահքի կարճ ծրագրից հետո Վաիլեւան առաջատարն է։ Ազատ ծրագիրը կանցկացվի փետրվարի 17-ին։

Պեկին-2022, գեղասահք, կանայք, մենասահք

1. Կամիլա Վալիեւա (Ռուսաստան)՝ 82,16

2. Աննա Շչերբակովա (Ռուսաստան)՝ 80,20

3. Կաորի Սակամոտո (Ճապոնիա)՝ 79,84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English