01:54  ,  16 փետրվարի, 2022

ՊՍԺ-ն Մբապեի գոլի շնորհիվ հաղթեց «Ռեալին», «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Սպորտինգից»՝ 5։0 (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը։

Փարիզում առաջին հանդիպումն անցկացրին Ֆրանսիայի առաջնության առաջատար Փարիզի ՊՍԺ-ն եւ Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը»։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

61-րդ րոպեին ՊՍԺ-ի կազմում 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Արքայական թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան դարձավ սեյվի հեղինակ։

Նոյեմբերին ստացած վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձավ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը 73-րդ րոպեին փոխարինեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

Ավելացված չորրորդ րոպեին ՊՍԺ-ի հաղթական գոլը խփեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ Գոլային փոխանցումը կատարեց Նեյմարը։

Լիսաբոնում պորտուգալական «Սպորտինգն» ընդունեց Անգլիայի չեմպիոն եւ Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն խնդիրներ չունեցավ եւ հաղթեց 5։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ Աչքի ընկան նաեւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզն ու անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն ու անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 9-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1։0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 90+4

Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի (ՊՍԺ), 61

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։5  (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 7, Բերնարդու Սիլվա, 17, 44, Ֆիլ Ֆոդեն, 32, Ռահիմ Ստերլինգ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում