11:30  ,  15 փետրվարի, 2022

ՀՄՖ նախագահ․ Գայանե Ներսիսյանի աշխատանքի մեթոդներն ինձ համար անընդունելի են եղել

Գայանե Ներսիսյանի աշխատանքի մեթոդներն ինձ համար անընդունելի են եղել: Առանց բացառության` մարզիկը Հայաստանում է ապրում եւ մարզվում, թե Հայաստանից դուրս,  հնարավորություն պետք է տալ բոլոր նրանց, ում մարզիչները կհամարեն հեռանկարային: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Փետրվարի 5-ին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտարարեց գեղարվեստական մարմնամարզության ավագ մարզիչի փոփոխության մասին. Գայանե Ներսիսյանին փոխարինեց Զառա Գրիգորյանը: Գայանե Ներսիսյանը գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչն է եղել 2012 թվականից:

Ավագ մարզիչի փոփոխությունը ֆեդերացիայում եւ մարզաձեւում տարաձայնությունների ալիք է բարձրացրել:

 Պարոն Վանոյան, արդեն մեկ տարի գլխավորում եք ֆեդերացիան, ինչո՞ւ հիմա որոշեցիք գնալ այսպիսի կտրուկ փոփոխությունների:

Մարմնամարզության ֆեդերացիան մեծ է, խնդիրները շատ են: Իմ սկզբունքն է՝ չշտապել որոշումներ կայացնելիս: Լինում են իրավիճակներ, երբ փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ է, բայց նույնիսկ այդ դեպքերում հակված եմ լինում դադար տալ, հասկանալ՝ գուցե ես սխալվում եմ: Ցանկացած որոշում կարող է այդ պահին ինձ համար նախընտրելի լինել, բայց վնասել մարզաձեւին, մարզիչներին, մարզիկներին:

Ո՞րն է եղել նախկին մարզիչին հեռացնելու բուն պատճառը:

Չունենք ակնհայտ արդյունքներ միջազգային ասպարեզում: Հիմնական պատճառը սա է: Շատ տարաձայնություններ են եղել: Իմ պատկերացումները չի համընկել այն մեթոդի հետ, որն իրականացվում էր մարզաձեւում, բայց ես լռել եմ, փորձել եմ հասկանալ, թե խնդիրները որտեղից են գալիս: Երբ հասկացա, որ այդ խնդիրներին լուծում չի տրվում եւ դրանք շարունակվում են տարիներ, որոշեցի, որ պետք է համակարգային փոփոխություններ լինեն:

Սկսենք ամենասկզբից. երբ դարձաք ֆեդերացիայի նախագահ, ի՞նչ պատկեր էր գեղարվեստական մարմնամարզությունում:

Այդքան էլ նախանձելի ժառանգություն չեմ ստացել մարմնամարզության այս ձեւում: Միջազգային մրցաշարերում ակնհյատ արդյունքներ չունենք: Թե ինչո՞ւ չունենք, խնդիրները հենց այստեղ են: Պատճառներից մեկն ընդգծում են պայմանների բացակայությունը: Երբ ինձ ասում են պայմանների մասին, միշտ օրինակ եմ բերում սպորտային մարմնամարզիկներին: Նրանք էլ շատ վատ պայմաններում են մարզվում, բայց այսօր ունենք համաշխարհային կարգի մարզիկներ: Այսինքն՝ ես բացառում եմ, որ պայմանների բացակայությունն է հիմնական պատճառը: Մեկ տարվա իմ վերլուծության արդյունքում հասկացա, որ անհրաժեշտ է համակարգված մարզչական աշխատանք: Այսինքն՝ պետք է միասնական որդեգրեին սպորտի զարգացման մի քաղաքականություն եւ բոլորով ղեկավարվեին դրանով:

Հավաքականի ավագ մարզիչի նախաձեռնությամբ մարզչական շտաբում պետք է լիներ փոխադարձ հարգանք, փոխըմբռնում, ինչը չի եղել: Այս ընթացքում Գայանեի հետ ունեցել եմ տարբեր քննարկումներ: Ասել եմ, որ ինձ համար անընդունելի այն ճանապարհը, որով նա տանում է մարզաձեւը: Մասնավորապես անընդունելի է եղել, թե ինչ կարգով են ընտրվում միջազգային մրցաշարերի կազմերը: Այդ զրույց-քննարկումների ընթացքում ինձ միշտ զարմացրել է Գայանե Ներսիսյանի ինքնավստահ դիրքորոշումը՝ որ «ոչ, ճիշտ ճանապարհը սա է, որով գնում ենք»: Անցավ մեկ տարի եւ հասկացա, որ սխալ է, պետք է լինի համակարգային փոփոխություն, մարզիչների թիմային աշխատանք, որ ավագ մարզիչ պետք է լինի բոլորի կողմից ընդունված մարդ:

Ի՞նչ ճանապարհով է գնացել ավագ մարզիչը եւ մասնավորապես ի՞նչը Ձեզ չի գոհացրել:

Նախ ինձ չի գոհացնում մեր մարզիչների որակավորումը: Ցածր մակարդակ ունենք: Չեն մասնակցում սեմինարների, ոչ միշտ է Գայանե Ներսիսյանի կողմից կազմակերպված սեմինարներին հիմնական մարզչական կազմը մասնակցել, որն էլ բարձր որակավորմամբ մասնագետներ չունենալու պատճառներից մեկն է: Չեն ցանկանում:

Ինչո՞ւ մարզիչներն իրենց տանջեն, եթե մշտապես  մեկ-երկու մարզիչ են հնարավորություն ստանում սան ներկայացնել: Մարզիկների մասով. չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչու մենք 10 տարի մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ներկայացուցիչներ Հայաստանից չունենք: Մենք ունենք շատ լավ մարզիկներ, որոնք մարզվում են դրսում, բայց ներկայացնում են Հայաստանը: Բոլորի առաջ ֆեդերացիայի դռները բաց են, ով մարզվում է եւ ցանկանում է ներկայացնել մեր երկիրը: Բայց խնդիրն այն է, որ արդյունքները գոհացնող չեն: Ինչո՞ւ են մշտապես նույն մարզիկները ներկայացնում մեր երկիրը, եթե արդյունքների բարելավում չկա: Ի՞նչ է արել ավագ մարզիչը. Հիմնականում նույն մարզիկներին՝ Հայաստանի չեմպիոններին է տրվել հնարավորություն մասնակցել միջազգային մրցաշարերի, այնինչ անհրաժեշտ էր նաեւ այլ մարզիկների հնարավորություն տալ մի պարզ պատճառով, որովհետեւ արդյունքները տարիներ շարունակ եղել են միջինից ցածր մակարդակում: Եվ այդպես տեւական ժամանակ գրեթե նույն մարզիկներն են դարձել չեմպիոններ:

Չեմ կարող ասել՝ արդար են նվաճե՞լ չեմպիոնությունը, թե՞ ոչ, բայց ավագ մարզիչը գրեթե չի դիտարկել այլ  մարզիկների: 2021 թվականին Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցել է երկու մասնակից՝ ռուսաստանաբնակ Սիլվա Սարգսյան եւ Հայաստանի չեմպիոն Էդիտա Հովհաննիսյան: Սիլվա Սարգսյանի արդյունքները՝ մի ձեւում 44-րդ տեղ, մեկ այլն ձեւում 38-րդ տեղ, 55-րդ տեղ... Նույնը՝ Էդիտա Հովհաննիսյանի մոտ: Արդյունքներն ինձ չեն գոհացնում:

Ինձ համար առաջնայինը մարզաձեւի զարգացումն է Հայաստանում, իսկ մեր մարզիչների, մարզիկների մոտ մոտիվացիա չկա դրա համար: Եթե միշտ նույն մարմնամարզիկներն են գնում մրցումների, պարզ է, որ մյուս մարզիկները, նրանց մարզիչները մոտիվացիա չեն ունենալու ավելի շատ աշխատել, ավելի լավ արդյունքներ գրանցել: Ներքին մրցակցություն չի եղել մարզիկների ու մարզիչների միջեւ, որովհետեւ միեւնույն է՝ նրանց հնարավորություն չէր տրվելու:

Մենք լավ ներուժ ունենք, Հայաստանի մարզադպրոցներում կան շատ լավ աղջիկներ, որոնք կարող են լավ արդյունքներ ցույց տալ, միջազգային մրցաշարերում Հայաստանը պատվով ներկայացնել:

 Ինչո՞ւ Նատալյա Ռոտենբերգին նշանակեցիք ֆեդերացիայի փոխնախագահ:

Ես սկզբից հայտարարել էի, որ եթե կհայտնվի մեկը, ով կցանկանա օգնել որեւէ մրազաձեւի զարգացմանը, ներդրում կատարել, բարեփոխումներ իրականացնել, մարզաձեւի զարգացման բարեփոխումներ իրականացնել, պատրաստ եմ համագործակցել: Այդ մեկը եղավ Նատալյա Ռոտենբերգը: Նրան ինձ ներկայացրել է Գայանե Ներսիսյանը, ասել է, որ այսպիսի մարդ կա, ուզում է աջակցել գեղարվեստական մարմնամարզությանը, իր անվան գավաթ անցկացնել: Սիրով ընդունեցի, խոսեցի, բայց, ի սկզբանե, դեմ էի, որ լիներ իր անվան գավաթ: Այս առիթով նախկին ավագ մարզիչի հետ ունեցանք բուռն խոսակցություն: Նա ինձ մեղադրեց մարզաձեւի շահերից հանդես չգալու մեջ այն բանի համար, որ դեմ էի որեւէ մեկի անվան գավաթ անցկացնելուն:

Ինչո՞վ էր պայմանավորված նրա շահագրգռվածությունը Նատալյա Ռոտենբերգի անվան գավաթ անցկացնելու հարցում:

Չպատասխանեմ այդ հարցին՝ ունենալով հարցի պատասխանը: Չեմ ցանկանում Գայանեի փոխարեն խոսել: Հետագայում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ ունեցա Ռոտենբերգի հետ, հասկացա նրա անմեղ միտումները մարզաձեւի զարգացման հարցում, մեր դիրքորոշումները համընկան: Մասնագետների հետ էլ քննարկումներ ունեցա եւ որոշեցինք նրան տալ կարգավիճակ ֆեդերացիայում եւ հնարավորություն մարզաձեւում բարեփոխումներ իրականացնելու: Նա էլ իր հերթին ուսումնասիրեց մարզաձեւը, մեր արդյունքները եւ ինձ առաջարկեց հավաքականի ավագ մարզիչի փոփոխություն կատարել: Ես համաձայն չեմ Ռոտենբերգի այն մտքի հետ, որ 10 տարի մարզաձեւում առաջընթաց չի եղել: Եվրոպայի առաջնությունում 38-րդ, 55-րդ տեղերն էլ են արդյունք: Նախկինում դա էլ չենք ունեցել, բայց ինձ այդ արդյունքները չեն գոհացնում:

Ի՞նչ բողոքներ եք ստացել, ովքե՞ր եւ ինչո՞ւ են բողոքում այս փոփոխությունների դեմ:

Բողոքները դրսից են ուղղված ինձ: Մեղադրում են խտրականություն դնելու մեջ: Երկու մարզուհի Ռուսաստանից է բողոքում, եւս մեկը՝ ԱՄՆ-ից: Գրավոր մի քանի էջանոց բողոքներ են ուղարկվել ֆեդերացիա, ԿԳՄՍ նախարարություն, սփյուռքի հանձնակատարի գրասենյակ: Նրանք բողոքում են, թե ինչու չեն մասնակցելու առաջիկա միջազգային մրցաշարերին: Մասնավորապես, ինձ մեդադրում են, թե ես դրսի հայերին հայ չեմ համարում, մեր ու ձեր եմ անում:

Հեռախոսազրույց եմ ունեցել այդ մարզիկների ծնողների, մարզիչների հետ, հայտնել իմ դիրքորոշումը, որ պետք է տանք հնարավորություն նաեւ այլ մարզիկների: Ես հայտնել եմ, որ ինձ չեն գոհացնում նրանց արդյունքները: Մինչ մեր գործելաոճի դեմ դժգոհություններ էին հայտնում, նոր ավագ մարզիչն արդեն հրավերներ է ուղարկել Միլենա Ասրյանին եւ Սիլվա Սարգսյանին առաջիկա մրցաշարին մասնակցելու համար: Նրանք ընդունել են մասնակցելու հրավերը, բայց շարունակում են դժգոհել, ինչը տարակուսելի եւ անհասկանալի է ինձ համար:

Ըստ Ձեզ բողոքներն ուղղորդվա՞ծ են:

Գուցե... Ուզում եմ հայտնել, որ որեւէ բողոքից չեմ խուսափում եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, որ այսուհետեւ ռոտացիոն կարգով հնարավորություն է տրվելու նաեւ հեռանկարային մարզուհիների ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում: Մարզաձեւին նոր շունչ եւ ոգեւորություն է անհրաժեշտ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով