17:17  ,  12 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մասնակցեց կարճ ծրագրին (ֆոտո)

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 8-րդ մրցումային օրը մեկնարկել է գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագիրը: Հայաստանը ներկակացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը ավարտեց ելույթը կարճ ծրագրում: Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն անթերի կատարեցին կարճ ծրագիրը:  Մրցավարները Հայաստանի զույգին գնահատեցին 65. 87 միավոր:

Վերջնական արդյունքը պարզ կլինի կարճ ծրագրի բոլոր զույգերի ելույթներից հետո: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կունենա 23 մասնակցից 20-ը:

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունի գեղասահքում:

Թինա Կարապետյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Կանադայում, Մարալ Դերմեգուրդիչյանի եւ Ջոն Գարապեդյանի ընտանիքում:

 Գեղասահքով սկսել է զբաղվել 3 տարեկանից:  Կանադայի Կվաբեկ նահանգի «Լավալ» ակումբի սան է: Մինչեւ 14 տարեկան հանդես է եկել մենասահքում, ապա ուժերը փորձել է սինքրոն չմշկասահքում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է պարեր սառույցի վրա: 2012 թվականին պարային զույգ է կազմել Ալեքսանդր Լալիբերտեի հետ: 2014 թվականին Կանադայի առաջնությունում զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը:

2015 թվականին Հայաստան այցելությունից հետո, անձնական մարզիչի որոշմամբ,  Թինա Կարապետյանը-Ալեքսանդր Լալիբերտե զույգը ներկայացրել է Հայաստանը: Մրցաշրջանում հաջող հանդես գալուց հետո պարային զույգը արդեն պաշտոնապես որպես Հայաստանի ներկայացուցիչ 2015 թվականին Տալինում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը եւ զբաղեցրել 16-րդ տեղն ընդհանուր հաշվարկում:

2015 թվականի մայիսից Թինա Կարապետյանը հանդես է գալիս իր նույն ակումբի պարող Սիմոն Պրուքս Սենեկալի հետ:

Սիմոն Սենեկալը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Կանադայում: Փոքր տարիքում կանադացի մարզիկը զբացվել է հոկեյով: 8 տարեկանից տեղափոխվել է գեղասահք:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալակիր է, Bavarian open միջազգային մրցաշարի դարձավ արծաթե մեդալակիր:

Որպես պաշտոնապես Հայաստանի ներկայացուցիչ պարային զույգ 2016 թվականին մասնակցել է Սլովակիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրել 18-րդ տեղը:

Նյու Յորքում կայացած Lake Placid Ice Dance Championships մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելուց հետո, զույգն անհաջող հանդես եկավ նույն թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով կարճ ծրագիրը:

2017 թվականից Հայաստանի պարային զույգը սկսեց պայքարը Փհենչան-2018 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ Nebelhorn Trophy 2017, որն անցկացվեց Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում, Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգն անհաջող հանդես եկավ՝ գրավելով 8-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր, որին այս մրցաշարում արժանանում էին 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:

2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ձախողված մրցելույթներից հետո Թինա Կարապետյանը հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս Սիմոն Սենեկալին եւ փնտրում է նոր զույգ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու համար:

2020-ին պարային զույգը վերամիավորվեց եւ սկսեց պայքարը 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

2021 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքում նվաճեց Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակեցին 173.03 միավոր և գրավեցին չորրորդ տեղը:

Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդն էին, իսկ ռիթմիկ պարերում գրանցեցին չորրորդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին 1-4-րդ տեղ գրաված զույգերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս