15:57  ,  6 փետրվարի, 2022

Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը նվաճեցին Հայաստանի չեմպիոնի կոչումները (ֆոտո, վիդեո)

Փետրվարի 6-ին Երեւանի Օլիմպիական  հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Վերջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան 109 եւ +109 կգ քաշային կարգերի ծանրորդները։

109 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը երկամարտի 361 կգ արդյունքով (165+196)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց գյումրեցի Յաշա Մինասյանը երկամարտի 350 կգ արդյունքով (155+195)։ Երրորդ տեղում Պողոս Խարբությանն է երկամարտի 312 կգ արդյունքով (142+170)։

Թեժ պայքար ստացվեց +109 կգ քաշային կարգում, որտեղ չեմպիոնության համար պայքարում էին օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը։ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցելով 442 կգ արդյունք (205+237)։ Փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը երկամարտի 435 կգ արդյունքով (205+230)։ Երրորդ տեղը զբաղեցրեց Սիմոն Մարտիրոսյանը՝ երկամարտում գրանցելով 430 կգ արդյունք ( 195+235)։

Գերծանր քաշային կարգում բոլոր 6 մոտեցումները հաջողությամբ կատարեց միայն Վարազդատ Լալայանը։ Գոռ Մինասյանը ձախողեց հրում վարժության երրորդ մոտեցումը, որի համար պատվիրել էր 235 կգ։ Սիմոն Մարտիրոսյանն էլ չկարողացավ հրել 241 կիլոգրամանոց ծանրաձողը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փոխել է օլիմպիական քաշային կարգերը, ըստ որի Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում։

Օլիմպիական քաշային կարգերն են 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ-ն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս