16:19  ,  2 փետրվարի, 2022

Օլիմպիական Հ․ Հարությունյանը, նրա մարզիչը եւ ՀԴՖ նախագահը վարակվել են կորոնավիրուսով եւ չեն մեկնել Պեկին

Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, մարզիչ Արսեն Ներսեսյանը եւ Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ չեն կարողացել մեկնել Պեկին. նրանց մոտ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխաններ են գրանցվել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԴՖ նախագահ Գագիկ Սարգսյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականը ամբողջական կազմով Պեկին պետք է մեկներ հունվարի 31-ին, բայց մեկնումից առաջ լեռնադահուկի Հայաստանի միակ ներկայացուցիչի, նրա մարզիչի եւ Գագիկ Սարգսյանի մոտ թեստերի դրական պատասխան է եղել եւ պատվիրակության անդամները չեն կարողացել հավաքականի հետ մեկնել:

«Մեզ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել եւ չենք կարողացել մեկնել Օլիմպիական խաղեր: Մինչեւ հունվարի 31-ը երկու անգամ թեստ ենք հանձնել, երեքիս պատասխանը դրական էր: Բոլորիս ինքնազգացողությունը շատ լավ է, շուտով նորից թեստ կհանձնենք: Եթե նույնիսկ պատասխանները բացասական գա, չեմ կարծում, որ կկարողանանք մեկնել:

Առաջին անգամ բաց եմ թողնում ձմեռային Օլիմպիական խաղերը: Շատ եմ ցավում լեռնադահուկորդի համար, նա մեր միակ ներկայացուցիչն էր այս մարզաձեւում: Իհարկե, ժամանակ դեռ ունենք, Հարությունի մեկնարկի օրը փետրվարի 12-ին է, բայց չեմ կարծում, որ կկարողանանք մեր օլիմպիականին ճանապարհել Պեկին: Չվերթների լուրջ խնդիր կա: Պեկինի չվերթները միայն չարթերային էին եւ այն էլ մինչեւ հունվարի 31-ը: Ըստ երեւույթին՝ ոչ էլ կգնանք: Չվերթ չկա: Դիմել ենք ՀԱՕԿ-ին՝ ինչ-որ կերպ բոլոր հնարավոր միջոցներով եւ ճանապարհներով Հարությունին հասցնել Պեկին:

Այս ժամանակահատվածում Հարությունն արդեն դուրս կգա կարանտինից մինչեւ իր մեկնարկը: Մեկ շաբաթվա մեջ պարզ կլինի Հարությունի հարցը:

Ես անպայման կթարմացնեմ տեղեկությունը, որպեսզի հանրության մոտ հարցեր չմնա, թե ինչու լեռնադահուկորդը չմեկնեց մինչեւ իր մրցելույթը, եթե պատասխանը բացասական եկավ:

Մեր պատվիրակության մյուս անդամները բարեհաջող հասել են օլիմպիական մայրաքաղաք, այսօր արդեն առաջին մարզումներն են արել:

Շատ վատ իրավիճակ է ստեղծվել. 4 տարի աշխատես, ամեն ինչ անես, ուղեգիրը ստանաս եւ կորոնավիրուսի պատճառով չմասնակցես Օլիմպիական խաղերին:

Հարություն Հարությունյանը մինչ թեստ հանձնելը եւ ոչ միայն նա, մենք եւս չենք էլ զգացել, որ որեւէ վարակ ենք կրում: Հարությունը շատ լավ մարզումներ է ունեցել, սեմինար ենք անցկացրել սարի վրա, նրա հետ ավստրիացի աշխարհահռչակ մարզիչ է աշխատել սեմինարի ընթացքում: Դեռ հուսանք, որ կկարողանանք Հարությունին ուղարկել Պեկին»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Նշենք, որ արդեն Օլիմպիական Պեկինում են դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը՝ մարզիչներ Արթուր եւ Ալլա Միքայելյանների գլխավորությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով