12:20  ,  2 փետրվարի, 2022

Նատալյա Ռոտենբերգ․ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը 10 տարի է այս պաշտոնում է, բայց մարզաձեւում առաջընթաց չկա

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը 10 տարի է այս պաշտոնում է, բայց անկեղծ կլինեմ, մարզաձեւում առաջընթաց չկա: Պետք է վերանայել մարզիչների կազմը, որքան էլ դա անցանկալի լինի բոլորի համար: Գուցե մտածենք՝ դրից պայմանագրով օլիմպիական ճանապարհ անցած եւ չեմպիոններ ունեցած մարզիչներ հրավիրել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին մարմնամարզուհի Նատալյա Ռոտենբերգը, որի նախաձեռնությամբ հունվարի 29-30-ը Երեւանում անցկացվեց իր անվան գեղարվեստական մարմնամարզության գավաթ՝ 170 մասնակցով: Մրցաշարից հետո ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ Նատալյա Ռոտենբերգը նշանակվի ֆեդերացիայի փոխնախագահ՝գեղարվեստական մարմնամարզության գծով: Այս մասին ՀՄՖ-ն դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել:

Նատալյա Ռոտենբերգի խոսքով հայ մարմնամարզուհիները ունեն ներուժ, բայց մարզաձեւում մեծ բացթողումներ կան:

Տիկին Ռոտենբերգ, ի՞նչն առիթ հանդիսացավ գեղարվեստական մարմնամարզության մրցաշար կազմակերպել Երեւանում:

Իրականում մրցաշար կազմակերպել եւ իրականացնելը բարդ աշխատանք է: Այդ ամենի համար համաձայնություն է պետք ֆեդերացիայից, նախարարությունից: Հատկապես, երբ քեզ չեն ճանաչում, քո նպատակներին ու գաղափարներին ծանոթ չեն, որեւէ բան կազմակերպելն ու անցկացնելը սկզբում շատ բացասական է ընդունվում: Մտահղացումն իմն էր, ինքս եմ ցանկություն հայտնել եւ նախաձեռնել Հայաստանում անցկացնել բարձրակարգ մրցաշար, որը հնարավորություն կտա բացահայտել հայ մարմնամարզուհիների պոտենցիալը, մարզաձեւի զարգացվածությունն ու առկա խնդիրները: Ինչպես արդեն ասել էի նախկինում, ես ունեմ մրցաշար կազմակերպելու փորձ եւ ուզում էի այդ փորձը բերել Հայաստան: Իմ մտահղացման մասին տեղեկացրի ֆեդերացիային եւ նախարարությանը: Քննարկումներից հետո հասկացանք, որ նման կարգի մրցաշար մարզուհիների համար իսկապես խիստ անհրաժեշտ է, քանի որ նրանք բացի Հայաստանի առաջնությունից չունեն մրցումներին մասնակցելու այլ հնարավորություն: Միջազգային մրցաշարերի փորձն էլ, ինչպես հասկացա, քիչ է, քանի որ սակավաթիվ մարմնամարզուհիներ են մասնակցում այդ մրցաշարերին: Այսինքն, նրանք ովքեր սիրում են գեղարվեստական մարմնամարզությունը, տարին մեկ անգամ են մրցաշարի մասնակցում, մրցակցության մեջ իրենց դրսեւորում:

Ո՞րն է Ձեր նպատակը հայկական գեղարվեստական մարմնամարզությունում:

Այսօր Հայաստանում ֆինանսավորվում եւ կառավարության կողմից ուշադրության են արժանանում հիմնականում տղամարդկանց մարզաձեւերը: Հասկանալի է՝ կան բարձր արդյունքներ, բայց պետք է հնարավորություն տալ նաեւ կանանց մարզաձեւերին: Վիրավորական է, որ այդպես է: Այդ պատճառով, պետք է փորձենք մեր աշխատանքով բարձր արդյունքներ գրանցել եւ մեր կողմը գրավել կառավարությանը: Պետք է ապացուցենք, որ այս մարզաձեւը եւս իրավունք ունի լինել, զարգանալ Հայաստանում եւ ունի բոլոր հնարավորությունները բարձր արդյունքներ գրանցել միջազգային մրցահարթակներում:

Գնահատելով հայ մարմնամարզուհիների ներուժը, հնարավո՞ր է բարձր նվաճումների հասնել մարզաձեւում:

Ասել, որ հայ մարմնամարզուհիները ներուժ չունեն, սխալ է: Կա ներուժ, ուղղակի պետք է մեծ աշխատանք տանել: Նրանց համար ուղղակի անհրաժեշտություն է տարվա ընթացքում մի քանի մրցաշարերի մասնակցելը: Շատ կուզենայի այսպիսի մի քանի մրցաշարեր կազմակերպել, որպեսզի նրանք մշտապես լինեին մրցակցության մեջ, նրանց մեջ զարգանար միմյանց նկատմամբ մրցակցությունը, հավատը սեփական ուժերի նկատմբաբ: Ես տեսնում եմ, որ մարզուհիներն էլ այս մարզաձեւում ապագայի հավատ չունեն, չեն տեսնում աճ իրենց վրա:

Ի՞նչն է այդ հավատի բացակայության պատճառն, ըստ Ձեզ:

Սա «փազլ» է: Միայն մարզիկի ներուժը բավարար չէ լավ արդյունքի հասնելու համար: Այստեղ բոլորի աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի միայն աճ գրանցել: Պետք է սկսել մարզչական շտաբից: Երբ խոսում ես մարզիչների հետ, հարցնում ես՝ ինչ խնդիր կա մարզաձեւում, Բոլորը միաձայն ասում են՝ ֆինանսավորման պակաս կա: Իրականում ֆինանսավորումը չէ գլխավոր խնդիրը, որ Հայաստանում մարզաձեւը չի զարգանում: Այո, պետք է մարմնամարզուհիներին ապահովել համապատասխան պայմաններով, բարձր առաստաղներով մարզադահլիճներով: Եթե նախարարությունը մեզ օգնի գտնել բարձր առաստաղներով դահլիճներ մարզումների համար, մի խնդիր լուծած կլինենք: Բայց ամենակարեւորը մարզիչների աշխատանքն է:  Պետք է վերանայել մարզչական շտաբը, մարզիչների որակավորումները, ուսումնասիրենք յուրաքանչյուրի անցած ճանապարհը. ով քանի Հայաստանի չեմպիոն է տվել: Եթե ուսումնասիրենք ու հասկանանք, որ որեւէ մեկը չեմպիոն չի աճեցրել, ուրեմն նրան պետք է փոխել:

Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի աշխատանքի մասին:

Գլխավոր մարզիչի հետ կարճ ժամանակ եմ ծանոթ: Այս պաշտոնը նա զբաղեցնում է արդեն տասը տարի, բայց կլինեմ անկեղծ. որեւէ առաջընթաց մարզաձեւում, մարզուհիների արդյունքներում չկա: Ամեն ինչ, ասես, սառեցված է: Մենք կփորձենք իրավիճակ փոխել, արթանցնել մարզիչներին, մոտիվացիա տալ նրանց եւ ապագայի հույս արթնացնել մարզուհիների մոտ: Մարդկանց մեջ հավատ չկա, ապագայի նկատմամբ հույսը կարծես սպանել են: Մարզուհիների մեջ էլ հույս չկա, որ իրենց մոտ ինչ-որ բան կստացվի: Մարզիչները չունեն մոտիվացիա, նրանք մտածում են՝ ինչո՞ւ ջանք դնեն, եթե դուրս չեն գալիս միջազգային մրցահարթակներ: Իսկ երբ ինձ ասում են՝ միակ խնդիրը եւ այս իրավիճակի ելքը ֆինանսն է, չեմ ընդունում: Այս իրավիճակի ելքը եւ լուծումը հավատն է, աշխատասիրությունը եւ հաղթելու անսպառ ձգտումը: Մարզիկները պետք է ձգտեն լինել չեմպիոններ, մարզիչները պետք է ձգտեն աճեցնել չեմպիոնների: Եթե մարզիչները չեն ձգտում չեմպիոններ աճեցնել, ոչինչ չի ստացվի: Այս առումով մենք պետք է վերանայենք մեր մարզչական կազմը, հասկանանք մեզ պե՞տքն են մարզիչներ, որոնց աշակերտները արդյունքներ չեն տալիս, ուզու՞մ ենք զարգանալ, թե մնանք այն մակարդակում, որտեղ կանք: Եթե մարզուհու արդյունքը վատն է, դա չի նշանակում, որ նրա հնարավորություններն այդքանն են, դա նշանակում է, որ մարզիչը լավ չի աշխատել, մարզիչը պահանջկոտ չի եղել, չկա ավելի լավ արդյունք անելու ձգտում: Մարզուհիները որեւէ մեղք չունեն, խնդիրը մարզիչների մեջ է:

Բացի նշվածս խնդիրներից, պետք է լուծենք նաեւ խորեոգրաֆների հարցը: Հայաստանում յուրաքանչյուր մարզադպրոց ակումբ պետք է ունենա իր խորեոգրաֆը, քանի որ առանց խորեոգրաֆիայի չի կարող լինել գեղարվեստական մարմնամարզություն, իսկ այստեղ խորոեգրաֆիան բացակայում է եւ դա զգացվում է աղջիկների ելույթներից: 

Ձեր այս մտահղացումներին ինչպե՞ս են արձագանքել մարզիչները: Չե՞ք վախենում հակազդեցությունից:

Արձագանքները բացասական են, նրանց դուր չեն գալիս իմ խոսքերը, իմ մտքերը, նրանք դժոհ են: Սա հավելյալ ճնշում, վերահսկողություն է նրանց համար: Բնական է, որ յուրաքանչյուր փոփոխություն ունենում է վատ արձագանքներ, սթրես, վիրավորանք, հակառակ ազդեցություն: Չեմ հերքում, որ այս փոփոխությունները կունենան նաեւ «զոհեր»: Եթե ուզում ենք ֆիթնեսից վերածվել լուրջ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզաձեւի, պետք է գնանք փոփոխությունների: Հասկանալի է նաեւ, որ մեզ երկար ժամանակ է պետք մեծ աշխատանքով հասնել դեռ փոքր հաջողությունների եւ հետագայում արդեն գնալ բարձր արդյունքների հետեւից: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել այս ամենին:

Պետք է փորձենք օրինակ վերցնել ուժեղ երկրների հավաքականներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, թե ինչպես են անցկացնում մարզումները, ինչպիսի կարգապահություն կա թիմերում, որքան պահանջկոտ են մարզիչները: Գուցե մտածենք՝ դրսից պայմանագրով օլիմպիական ճանապարհ անցած եւ չեմպիոններ ունեցած մարզիչներ հրավիրել, որոնք կաշխատեն մեր աղջիկների հետ: Ինձ համար շատ կարեւոր է, որ բարձրակարգ մասնագետներ լինեն ինձ հետ այս ճանապարհում, որովհետեւ ես մասնագիտացված եմ բալետում, կարող եմ գնահատական տալ բալետի տարրերում, բայց սպորտային գծով գուցե թերանամ: 

Արդեն ունեմ ամբողջական պատկերը, թե ինչ խնդիրներ կան մարզաձեւում, ինչ պետք է անել, ինչ է պետք փոխել: Շնորհակալ եմ ֆեդերացիային, նաեւ նախարարությանը, իմ մտահաղացումներին դրական արձագանքներ տալու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով