20:10  ,  1 փետրվարի, 2022

Հռիփսիմե Խուրշուդյան. Իմ անվան շուրջ այս արհամահանքն ինձ ստիպեց, որ նորից հետ գամ սպորտ

Արհամարհանքն ինձ ստիպեց վերադառնալ մրցահարթակ: Վերադարձել եմ, որպեսզի Հռիփսիմե Խուրշուդյանի անունը նորից թնդա:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր վերադարձի մասին ասաց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Փետրվարի 1-ին տեղի ունեցած կանանց Հայաստանի առաջնությունում 34-ամյա ծանրորդուհին 6 տարվա դադարից հետո կրկին դուրս եկավ մրցահարթակ եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Երկու երեխաների մայրը մրցահարթակից բացակայում էր 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնությունից հետո:

«6 տարի դադարից հետո մեծ հպարտությամբ մասնակցեցի եւ ուրախ եմ, որ կարողացա չեմպիոնի կոչումը նվաճել: Հուսամ՝ հաղթանակներս կկրկնվեն: Մրցահարթակում ես դեռ շատ անելիքներ ունեմ: Վերադարձել եմ մեծ սպորտ, որպեսզի Հռիփսիմե Խուրշուդյանի անունը նորից թնդա: Հայաստանի առաջնության արդյունքը գոհացուցիչ չէր ինձ համար, բայց բոլորն ասում են, որ 6 տարվա դադարից հետո այս արդյունքը շատ լավ է: Ինձ անհրաժեշտ էր անպայման մասնակցել, զգալ մրցահարթակը, մրցումային պայքարը: Վիրուսների պատճառով վերջին մոտեցումս ձախողեցի: Հայաստանի առաջնությանը պատրաստվել էի վերջին 20 օրում:

Երկու երեխաների հետ մարզումներ, մարզչություն, շատ դժվար է, բայց ամեն ինչ կանեմ, որ կիլոգրամներս բարելավեմ եւ մեծ հաղթանակներ ունենամ:

Արհամարհանքն ինձ վերադարձրեց: Իմ անվան շուրջ այս արհամահանքն ինձ ստիպեց, որ նորից հետ գամ սպորտ եւ ապացուցեմ, որ ես այս մարդն եմ, կապ չունի դոպինգ սկանդալը: Այս մարզաձեւի հիմնադիրներից մեկը ես եմ եւ իմ մեծ հաղթանակներով պետք է ավարտեմ կարիերաս ծանրամարտում:

Ինքս ինձ ապացուցեցի, որ չպետք է հուսահատվել, պետք է գնալ միայն առաջ: Սպորտ է, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց թույլ չեմ տա, որ իմ անվան շուրջ որեւէ խոսակցություն շրջանառվի: Ինձ պետք է հիշեն ինչպես հերոսի:  Պետք է ասեն, որ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարի դադարից հետո վերադարձել է սպորտ, երկու երեխաների մայր է, նա հերոս է:

Երբ ես մեդալներ էի նվաճում, չեմպիոն էի դառնում, լրագրողներն ինձ հանգիստ չէին թողնում: Որակազրկումից հետո ինձ մոռացան, Հռիփսիմե Խուրշուդյան չկա: Հիմա նորից վերադարձել եմ, զանգերը նորից անդադար են:

Ես ապրում եմ ծանրամարտով: Երբեք չեմ դադարել մարզվել եւ սպասել եմ իմ վերադարձին: Մարզվելուն զուգահեռ նաեւ մարզչություն եմ անում: 8 աշակերտ ունեմ, որոնցից մեկն այսօր Հայաստանի չեմպիոն դարձավ 49 կգ քաշային կարգում՝ Գյուլնարա Տիգրանյանը: Եւս երկուսը երրորդ տեղ զբաղեցրին ՝ 45 կգ քաշային Աիդա Ավանեսյանը եւ 55 կգ Արեւիկ Հովհաննիսյանը:

Բարդ է լինելու համատեղել մարզիկի կարիերան, մայրությունն ու մարզչությունը, բայց ես ունեմ մեծ նպատակներ, որոնց ամեն գնով կփորձեմ հասնել»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում